կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-28 19:33
Աշխարհ

ԱՄՆ-ը «հարգանքից դրդված» աջակցում է Հոնկոնգի ցուցարարներին

ԱՄՆ-ը «հարգանքից դրդված» աջակցում է Հոնկոնգի ցուցարարներին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է այն օրինագիծը, որն իր աջակցությունն է հայտնում Չինաստանի հատուկ վարչական շրջան համարվող` Հոնկոնգի ցուցարարներին:

Թրամփն ասել է, թե Չինաստանի նախագահ Սի Ծինպինի եւ Հոնկոնգի ժողովրդի նկատմամբ հարգանքից ելնելով է ստորագրել փաստաթուղթը: Ավելի վաղ, այն ընդունել էին Կոնգրեսի 2 պալատները:

«Հոնկոնգում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար» օրենքը պարտադրում է Պետքարտուղարությանը տարեկան հաշվետվություն ներկայացնել՝ հասկանալու համար՝ արդյոք բավարար ինքնիշխանություն ունի Հոնկոնգը եւ արդյոք արդարացված է հատուկ կարգավիճակը: Սա հավանաբար ավելի կբարդացնի Վաշինգտոնի ու Պեկինի միջեւ ընթացող առեւտրային բանակցությունները: Չինաստանի արտգործնախարարությունը սպառնացել է համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները շարունակի սխալ ճանապարհով գնալ: Հոնկոնգի իշխանություններն էլ հայտարարել են, որ օրենքն ակնհայտ միջամտություն է վարչական շրջանի ներքին գործերին, որի անհրաժեշտությունը եւ հիմքը չկա:

Բացի այդ, այն կարող է սխալ ազդակ հղել ու չնպաստել լարվածության նվազմանը: Մինչդեռ ցույցերի գլխավոր մասնակիցներից` Ջոշուա Վոնգն արդեն հայտարարել է, որ օրենքը նշանակալի ձեռքբերում է հոնկոնգցիների համար: