կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-27 19:24
Հասարակություն

Ռեկտորի ու նախարարի պնդումները հակասում են իրար. ո՞վ է ստում

Ռեկտորի ու նախարարի պնդումները հակասում են իրար. ո՞վ է ստում

Ինչպես ժողովրդական առածն է ասում՝ ստի ոտը կարճ է, կամ՝ ստի ժամանակը քառասուն օր է, և ոչ միայն ստի:

Ինչպես տեսել ու լսել ենք բոլորս՝ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը եզրակացություն ստացել է միայն Պատմության ֆակուլտետից, իսկ Հայ բանասիրության ֆակուլտետից որևէ եզրակացություն չի ստացվել: Ֆակուլտետի դասախոսները որքան էլ փորձեցին հակառակն ապացուցել, նախարարը չցանկացավ բացատրություններ լսել՝ մնալով իր մարտնչողականության դիրքերում:

Հանդպիումից հետո տեսակետներ հնչեցին, որ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ինքն իրենից տեղյակ չէ, բայց արի ու տես, որ ֆակուլտետը ոչ միայն ինքն իրենից տեղյակ է, այլև՝ նախարարը, կոպիտ չհնչի, կամա-ակամա սուտ է խոսել:

Բացատրությունները շատ պարզ են:

Նոյեմբերի 20-ին «Հանուն ազգային կրթության» նախաձեռնության անդամները բաց դիմում-նամակ էին հասցեագրել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին, որով առաջարկվում էր.

ա. Հրավիրել գիտական խորհրդի արտահերթ նիստ, քննարկել  «Բարձրագույն կրթության մասին» օրենքի վիճարկելի կետերը և հայտնել համալսարանի պաշտոնական տեսակետը

բ. Հայտնել կարծիք՝ պրոֆեսորադասխոսական կազմի հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանի ոչ ակադեմիակն, անվայել պահվածքի հետ կապված:

Պատասխան նամակի բովանդակությունն արդեն հրապարակել ենք, բայց քչերը նկատած կլինեն, որ մեր դիմում-նամակի առաջին կետին վերաբերվող՝ ռեկտորի ԺՊ-ի պատասխանն ու Արայիկ Հարությունյանի հայտարարությունը խիստ հակասում են իրար:

Պատասխան նամակում Գեղամ Գևորգյանը գրում է. « «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագիծը մանրամասն քննարկվել է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդում և ֆակուլտետներում: Գիտական խորհրդի և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված առաջարկությունների ամբողջական փաթեթը սահմանված կարգով ներկայացվել է նախարարություն»:

Նամակի վերոբերյալ հատվածը աներկբայորեն փաստում է այն, որը Հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն իրավամբ քննել է վիճարկվող նախագիծն ու գիտական եզրակացությունն ուղարկել ռեկտորին, որն էլ, ըստ էության, պետք է ուղարկեր նախարարին:

Հարց՝ ո՞վ է ստում, ո՞վ է մեղավորը: Ես չեմ ուզում մտածել, որ Գեղամ Գևորգյանը նախարարից թաքցրել է ֆակուլտետի եզրակացությունը, ավելին՝ կասկած անգամ չունեմ, որ մյուս ֆակուլտետների եզրակացությունների հետ, փաթեթով, ուղարկել է նախարարին: Մնում է ենթադրել, որ, կարդալով Հայ բանասիրության ֆակուլտետի եզրակացությունը, նախարարը դիտավորյալ «չի ստացել, չի տեսել» այն, որովհետև բերված պնդումները հստակ փաստարկված են և տրամաբանված:

Հուսով եմ՝ առաջիկայում թե՚ ԵՊՀ-ն, թե՚ ԿԳՄՍ-ն, հանդես կգան բացատրական, տարընթերցումների առիթ չտվող, հայտարարություններով:

Գևորգ Գյուլումյան