կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-29 14:58
Իրավական

Տուժող կողմի ցուցմունքներն իրար չեն հակասում. փաստաբանը՝ Հարություն Զաքարյանի՝ ցուցմունքը փոխելու մասին

 Տուժող կողմի ցուցմունքներն իրար չեն հակասում. փաստաբանը՝ Հարություն Զաքարյանի՝ ցուցմունքը փոխելու մասին

Վերջին օրերին լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է մայիսի 2-ին Սդղի գյոլ կոչվող տեղանքում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված` Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ազատ արձակման հարցը: Բանն այն է, որ այս գործով մեղադրյալ` կալանավորված Յուրիկ Մանուչարյանը Տիգրան Խաչատրյանի կալանավորվելուց հետո ցուցմունք է տվել` նշելով, որ Հարություն Զաքարյանի աչքին ոչ թե Տիգրանն է հարվածել այլ ինքը:

Ըստ լուրերի՝ այս ցուցմունքից հետո Յուրիկ Մանուչարյանի եւ Հարություն Զաքարյանի միջեւ առերես հարցաքննություն է տեղի ունեցել, որի ժամանակ Հարությունը չի պնդել, որ Տիգրան Խաչատրյանն է հարվածել իր աչքին: Եվ քանի որ Տիգրան Խաչատրյանի մեղադրանքի հիմքում դրվել է հենց Հարություն Զաքարյանի ցուցմունքը, չի բացառվում, որ առաջիկայում այս հիմքով էլ Տ. Խաչատրյանն ազատ արձակվի:

Այս կապակցությամբ yerkir.am-ը մեկնաբանություն խնդրեց Հարություն Զաքարյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Լևոն Սահակյանից: Նա չցանկացավ հրապարակել, թե ինչ ցուցմունք է տվել իր վստահորդը՝ նշելով, որ այդ տեղեկությունները նախաքննական գաղտնիքներ են:

«Տուժող կողմի ցուցմունքները երբևէ իրար չեն հակասել և այժմ էլ չեն հակասում: Թե\' Մուշեղը, թե\' Հարութը միշտ նախաքննական մարմիններին ներկայացրել, ներկայացնում և ներկայացնելու են սոսկ ճշմարտությունը»,- ասաց փաստաբանը՝ այդպես էլ ո\'չ հերքելով և ո\'չ էլ հաստատելով այն տեղեկությունը, որ իր վստահորդը փոխել է ցուցմունքը:

Հիշեցնենք, որ երեկ Գորիսի տարածաշրջանում հայտնաբերվել և քննչական կոմիտեին է հանձնվել հունիսի 15-ից հետախուզման մեջ գտնվող` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդին՝ Մայիս Խաչատրյանը: Քննչական կոմիտեն որոշում էր կայացրել Մայիս Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը՝ հինգ տարի ժամկետով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: