Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացնում էինք մեր բողոքի հերթական ակցիան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության՝ հայագիտական առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելու նախագծի: Ընթացքում իմացանք, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը գալու է ֆակուլտետ՝ գիտխորհրդի նիստին մասնակցելու: Որոշեցինք սպասել նրան և մեզ հետաքրքրող հարցերից մի քանիսի պատասխանները հե՚նց իրենից ստանալ:
Երբ Գ. Գևորգյանը ներս մտավ, որպես ակցիայի կազմակերպիչներից մեկը, տան տիրոջ կեցվածքով, մոտեցա նրան ու ձեռքս հարգալից մեկնեցի՝ ողջունելու ինձանից տասնյակ տարիներով ու իմաստնությամբ մեծ մարդուն, ով տարիքով նույնիսկ հորի՚ցս է մեծ: Մի քանի վայրկյան արհամարհաբար դեմքիս նայելուց հետո, թեթև սեղմեց ձեռքս: Ընթացքի ու մոտ 40 վայրկյան տևած զրույցի մասին, որին ընթացքում ռեկտրոն ուղղակի արհամարհեց ինձ ու ընկերներիս, չեմ խոսի: Բայց ցավով ու զարմանքով եմ նշում, որ իմ ձեռքսեղմումը ո՚չ միայն դուր չի եկել Գեղամ Գևորգյանին, այլև, կարծես, վիրավորել է նրան: Միտում չի եղել, ամենայն անկեղծությամբ:
Ի՞նչ ասեմ, ցավում եմ, որ հարյուրամյա համալսարանի ակադեմիկոս ղեկավարը չընկալեց իմ պարզ բարեկամական ու խոնարհման ժեստը: Ես, իհարկե, չեմ ուզում մտածել, որ պատկառելի գիտնականը չգիտի ձեռքսեղման նախապատմությունն ու նշանակությունը, բայց, բոլոր դեպքերի համար, ուզում եմ նշել, որ այդ արարողությունը շատ հին ու խորհրդանշական ծես է, և ամենևին կարիք չկա դրանից վիրավորվելու, ընդհակառակը՝ շոյվել է պետք:
Դեռևս շատ հին ժամանակներում, երբ մարդիկ հանդիպում էին իրար, ձեռքերի ափերը պարզում էին՝ ապացուցելու համար, որ անզեն են: Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց՝ այս ժեստը կատարելագործվել ու վերածվել է ձեռքսեղմման արարողություն, վերաբերմունք, որը ես այսօր, ամենայն հարգանքով, ցույց տվեցի համալսարանիս ղեկավարին:
Կասկած չունեմ, որ Գեղամ Գևորգյանը լավ է տիրապետում ժեստերի լեզվին և կարծում էի՝ նկատած կլինի, որ բարևելիս՝ ես ձեռքս թեք եմ պահել, այնպես, որ նրա ձեռքը գտնվի իմ ձեռքից ավելի բարձր դիրքում, դա նշանակում է, որ ես ինձ դրսևորել եմ կրտսերի պես՝ խոնարհաբար նրան զիջելով իրադրությունը: Ցավում եմ, որ Գ. Գևորգյանն իմ խոնարհումը որպես արհամարհանք է ընկալել:
Անկախ քաղաքական ու հասարակական հայացքներից, անկախ եղած տարաձայնություններից, մենք պարտավոր ենք հարգել մեր դիմացինի տարիքն ու վաստակը, իմ բոլոր ընկերները նույնպես այդ մոտեցումն ունեն, որը մեր ազգային դաստիարակության և արժեհամակարգի մաս է կազմում:
Հետևաբար՝ ես չէի կարող չնկատել Գեղամ Գևորգյանի սպիտակ մազերն ու արհամարհաբար դիմավորել նրան. բացառվում է. դա կհակասեր իմ դաստիարակությանն ու աշխարհընկալմանը:
Հ.Գ. Բացի վերոնշյալին՝ նորմալ է, երբ երկու հայ մարդ իրար ձեռք են սեղմում:
Գևորգ Գյուլումյան