կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-25 16:02
Իրավական

ԱԱԾ քննիչը հիմա էլ առաջարկել է տեղում զննել փաստաբանի համակարգիչը. Երվանդ Վարոսյան

ԱԱԾ քննիչը հիմա էլ առաջարկել է տեղում զննել փաստաբանի համակարգիչը. Երվանդ Վարոսյան

ԱԱԾ քննիչը հիմա էլ առաջարկել է, որ տեղում հնարավորություն ընձեռվի փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները զննելու համար, ինչին ևս նա առարկել է. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Չամսարյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հարցին՝ տեղում զննելն օրենքի սահմաններո՞ւմ է, Երվանդ Վարոսյանը պատասխանեց. «Ոչ, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում կիրառվող գործիք համակարգիչը անձեռնմխելի է՝ օրենքով, և բացարձակապես չկա տարբերություն՝ խոսքն այն խուզարկությամբ վերցնելո՞ւ, թե՞ այլ կերպ մեջը պարունակվող տեղեկատվությանը ծանոթանալու մասին է»:

Հարցին՝ իսկ ԱԱԾ քննիչը տեղյա՞կ է, որ իր առաջարկն օրենքի սահմաններից դուրս է, փաստաբանն արձագանքեց, որ տեղյակ է, սակայն դեռևս քննարկումներ են ընթանում:

Ավելի վաղ փաստաբան Հովհաննես Չամսարյանը Yerkir.am-ին տեղեկացրել էր, որ իր փաստաբաններ Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը այժմ իր գրասենյակում են, և ընթանում է քննարկում ԱԱԾ քննիչի հետ, որը հեռանալու մտադրություն չունի:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննիչ Օնիկ Առաքելյանը ցանկանում էր առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները: Փաստաբանը հայտնել էր, որ օրենքով արգելվում է առգրավել փաստաբանի համակարգիչը, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում: Փաստաբան Չամսարյանի գրասենյակում են եղել նաև նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը և փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

 

Նարա Մարտիրոսյան