կարևոր
6673 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-01 20:27
Քաղաքական

Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի քրեական վարույթը կարճվել է․ Երվանդ Վարոսյան

Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի քրեական վարույթը կարճվել է․ Երվանդ Վարոսյան

Ստացանք «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի քրեական վարույթը կարճելու մասին որոշումը` քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայության պատճառաբանությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Երևի կհիշեք, որ ընդդիմության փողոցային պայքարի թեժ պահին, այս տարվա մայիսի 21-ին, քննչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները խուզարկություն իրականացրեցին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, ապա բերման ենթարկեցին նրան։

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասով, Արամ Գրիգորյանը կասկածվում էր քաղաքացիներին նյութապես շահագրգռելու միջոցով հավաքներին մասնակցելուն հակելու մեջ։ Զուգահեռաբար իշխանամերձ քարոզչամեքենան օրեր շարունակ ինչ-որ տեսանյութ էր տարածում, փորձելով հանրությանը ներկայացնել, թե իբր ընդդիմության հավաքներին մասնակցության համար գումարներ են բաժանվում։

Ամիսներ տևած քննության արդյունքում, սակայն, այսօր ստացանք քրեական վարույթը կարճելու մասին որոշումը` քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայության պատճառաբանությամբ։

Արձանագրենք, որ ինչպես և սպասվում էր, պայթեց քաղաքական նպատակներով սանձազերծված հետապնդման տեսք ունեցող հերթական փուչիկը։ Հույս ունենք, որ նման փուչիկներ փչելու, պետական ռեսուրսները նեղ քաղաքական նպատակներով վատնելու սիրահարը վաղ թե ուշ պատասխան կտա նաև սրա համար։ Դա կդառնա այն երաշխիքներից մեկը, որ կզսպի ապագա իշխանավորներին քաղաքական նպատակներով իրավապահ մարմինները օգտագործելու գայթակղությունից»,- նշել է նա։