կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-21 14:59
Հասարակություն

Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Միլանում բլոգեր ներկայացած ադրբեջանցու միջադեպին

Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Միլանում բլոգեր ներկայացած ադրբեջանցու միջադեպին

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Միլանում Նիկոլ Փաշինյանին ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձի կողմից հարց ուղղելու միջադեպին:

«Հանդիպումը տեղի ունեցավ եկեղեցում: Ինչպես գիտեք՝ մուտքն ազատ է բոլորի համար: Իհարկե, նման հանդիպումների ժամանակ պետք է և իրականացվել են անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ, սակայն, միևնույն ժամանակ, անձնագրերի, փաստաթղթերի ստուգում չի եղել: Այդ առումով յուրաքանչյուր մարդ կարող է մուտք գործել եկեղեցի: Տվյալ անձնավորությունը հնարավորինս բարձր փորձում էր հարցը հնչեցնել:  Վարչապետը հնարավորություն ընձեռեց հարց հնչեցնել, ինչին հանգամանալից մանրամասն պատասխանեց: Ես չէի գնահատի այդ հարց ու պատասխանը որպես միջադեպ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում նշել է Վլադիմիր Կարապետյանը:   

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում նոյեմբերի 20-ին հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ և պատասխանել մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև բլոգեր ներկայացած ադրբեջանցու հարցին: «Հնարավոր չէ պատկերացնել, որ հայը հնարավորություն կունենար մտնել միջոցառման, հանդիպման, որտեղ կլիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրան հարց կտար: Երկրորդը, դուք ասացիք, թե ամբողջ աշխարհն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանությունը, դա ակնհայտ սուտ է, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահը հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի փոփոխություններ և հեղաշրջում անի Ադրբեջանում: Ես առաջարկել եմ խաղաղության բանաձև,  Իլհամ Ալիևին ասել եմ, որ ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, որ հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես նման հայտարարություն անի, քանի որ դա գլխավոր բանաձևն ու պլատֆորմն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

Սոցցանցերի հայկական հատվածում քննարկում են հարց հղած, բլոգեր ներկայացած ադրբեջանցու՝ ոմն Աթա Աբդուլաևի ինքնությունը: Առաջ են քաշվում տարբեր վարկածներ՝ հաշվի առնելով շրջանառվող լուսանկարները, որոնցում նա պատկերացված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կամ ակտիվ ներգրավված է Բաքվում հակաիշխանական ցույցերի ցրման ժամանակ: Ենթադրություններ կան, որ նա ուժային կառույցների ներկայացուցիչ է, ոստիկան կամ անգամ ազգային անվտանգության ծառայող, գուցե նաև սադրիչ: