կարևոր
1183 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-17 12:18
Քաղաքական

Սեփական ընտրազանգվածի զբաղեցման համար Փաշինյանի որդեգրած վլոգեր, բլոգեր իմիջը կարճաժամկետ էֆեկտ ունի․ Վլադիմիր Մարտիրոսյան

Սեփական ընտրազանգվածի զբաղեցման համար Փաշինյանի որդեգրած վլոգեր, բլոգեր իմիջը կարճաժամկետ էֆեկտ ունի․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Մինչ շատերը (այդ թվում ընդդիմադիր որոշ շրջանակներ) շարունակում են համառությամբ խոսել Փաշինյանի իշխանության ամրության և առայժմ անայլընտրանքության մասին և այդ մեթոդով նաև որոշ հիմնավորումներ տալով իրենց քաղաքական գործելաոճին, շարունակում եմ հիմնավորել և պնդել, որ ինչպես յուրաքանչյուր կիսաավտոկրատ լիդեր Փաշինյանը նույնպես թևակոխել է իր իշխանության ամենախոցելի և տուրբուլենտ փուլ: Այս փուլում նա բախվել է իր համակարգի, իր կոնցեպտների, մանիպուլյացիաների սպառման և վերարտադրության սնանկության հետ, որը կոչվում է ներքին քաղաքական ճգնաժամ:

Այս երևույթը ներքին կոնյուկտուրային խոտանների ու անորակ համակարգի արդյունք է, ոչ թե արտաքին հանրային մտածողության կառավարման և մանիպուլյացիայի ենթակա օրակարգ: Սա է նաև պատճառը, որ էստեղ՝ ներքին փակ համակարգի դեֆեկտները նույն գործիքներով շտկել չի հաջողվում: Ավտոկրատներին դա հաջողվում է, երբ նրանք ունեն որակյալ և էֆեկտիվ բյուրոկրատական համակարգ և շահերով փոխկապակցված քաղաքական թիմ: Փաշինյանի պարագայում ոչ մեկը և ոչ էլ մյուսը պարզապես գոյություն չունեն: Վարչաբյուրոկրատական համակարգը մղոններով հեռու է պրոֆեսիոնալիզմից, իսկ քաղաքական թիմն ավելի հակադրվող շահեր ունի քան փոխկապակցված:

Որքան Փաշինյանը փորձում է կոծկել իր կադրային, պատգամավորական հենարանում և համակարգում տեղ գտած, գտնող և դեռ գտնվելիք խորը դեֆեկտներն ու մեծ հաշվով դեֆորմացիաները հանրային աչքերից ու ականջներից դրանք ավելի մեծ թափով են դառնում ակնառու և տեսանելի: Որքան փորձում է բացառել արտահոսքերն այդ դեֆորմացված համակարգի խոտանների մասին, այդքան շատանում են արտահոսքեր տվողները ներքին համակարգի, նիստերի, թիմի ներքին ահերի ու վախերի, գզվրտոցի մասին: Այդ փակ համակարգում հավաքված գազն այն աստիճանի է խտացված, որ Փաշինյանը ստիպված է այլևս ռեպրեսիվ մեթոդներով զսպել պայթյունը, որը կարող է քանդուքարափ անել ողջ կոնյուկտուրան և ձնագնդի էֆեկտն այլևս կանգնեցնել հնարավոր չլինի:

Բնական է, որ սեփական ընտրազանգվածի զբաղեցման համար Փաշինյանի որդեգրած վլոգեր, բլոգեր իմիջը կարճաժամկետ էֆեկտ ունի: Իսկ նրա ընտրազանգվածը վլոգեր, բլոգերի և էպոտաժի ավելի տաղանդավոր հասցե ունի, որին Փաշինյանը երբեք չի հասնի, ոչ կատարողականով և ոչ էլ տաղանդով: Կարճաժամկետ կտրվածքով նրա այսպիսի դերակատարությունը սկզբում է հետաքրքիր, իսկ հետո դառնում է հոգնեցնող, իսկ ավելի ուշ վանող, քանի որ կոնտենտը նույնական է, որքան էլ մեջը չափավոր էպոտաժ մտնի:

Արդյունքում Փաշինյանը կանգնած է հետևյալ ռեբուսի առջև՝ գնալ արտահերթի այս թիմով ու ռեսուրսով , թե նոր կադրային և մարդկային ռեսուրսի ներգրավմամբ զբաղվել մինչ գան հերթական ընտրությունները: Այս երկընտրանքի դեֆեկտները նա ևս հստակ հասկանում է և լուծում չի գտնում: Սա է նաև նրա մեդիա ակտիվության հիմնական պատճառն ու իր ուսերի վրա իր վերարտադրության մեծ բեռը վերցնելու կոնցեպտը:

Համոզված եմ, որ այս ճգնաժամը նրան լուծել չի հաջողվելու առանց ավելի կարծր ավտորիտար համակարգ ստեղծելու: Համոզված եմ, որ այդ կարծր ավտորիտար համակարգը կառավարելի պահել ևս չի կարողանալու, որովհետև իր բնույթով և կառավարելիության տեսակյունից դա բարդագույն համակարգ է, ինչի ռեսուրսը ինչպես նշեցի վերևում նա չունի:

Միակ լուծումը, որը նա գտել է իշխանության երկարաձգման համար դա տոտալիտար աղանդի կառավարման մեթոդաբանությամբ տոտալիտար քաղաքական աղանդավորականության հիմնումն է, ինչն անելու հենց սկզբում արդեն բախվել է խորը խնդիրների:

P.S. Խոփդ մի ուրիշ քարի է դեմ առել»։