Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեև ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան և նստացույցը շարունակվում են, դասադուլը, երեկ էլ էինք նշել, որ ոչ թե դադարում է, այլ դադար ենք տալիս․ դրանք տարբեր բաներ են. այսօր Yerkir.am-ին հայտնեց ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը՝ անդրադառնալով մի շարք ԶԼՄ-ների տարածած այն տեղեկություններին, թե որոշվել է ընդհանրապես դադարեցնել դասադուլը:
«Չգիտեմ, թե ինչու են մամուլում այդպես մեկնաբանել մեր ասածը: Մենք ընդամենը երեք օրով դադար ենք տվել: Դա կապված է նաև մեր դասախոսների կոչերի հետ: Բացի այդ՝ մենք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին և գիտխորհրդի կազմին նամակ-դիմումներ ենք ուղղել և ակնկալում ենք ստանալ այդ երկու մարմինների արձագանքն ու դիրքորոշումը՝ կապված Արայիկ Հարությունյանի, մեղմ ասած, ոչ հղկված պահվածքի հետ, որը նա դրսևորեց պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ»,- ասաց նա:
ԵՊՀ ուսանողը շեշտեց, որ չեն դադարեցնում դասադուլը, իրենց պահանջները չեն փոխում:
«Մենք շարունակելու ենք տեր կանգնել մեր լեզվին, մշակույթին, գրականությանը: Ցավում եմ, որ մամուլում իմ՝ մի քանի րոպե տևած խոսքից կտրում են միայն այն հատվածը, որտեղ ես ասել եմ, որ դադարեցվում է դասադուլը երեք օրով. դա կոնտեքստից կտրված տեքստ է: Մեր ակցիան և պայքարը շարունակվում է», - նշեց Գյուլումյանը:
Նա հստակ միտում է տեսնում այդ ամենի մեջ: «Մարդիկ խնդիր ունեն հասարակությանը համոզելու, որ իբրև թե պայքարը դադարեցվել է»,- ասաց Գևորգ Գյուլումյանը:
Նա ողջունեց Հյուսիսային համալսարանի ուսանողներին, որոնք նույնպես դասադուլ են հայտարարել և միացել այլ ուսանողների ու ԿԳՄՍՆ-ի առջև նստացույց անող ՀՅԴ ՀԵՄ անդամներին:
«ԵՊՀ-ում ցնծությամբ ընդունեցին այդ լուրը: Կոչ ենք անում այլ բուհերում սովորող մեր մյուս ընկերներին, սերնդակիցներին՝ միանալ այս պայքարին, ինչպես նաև կոչ ենք անում բոլոր համալսարանների ներկայիս և նախկին պրոֆեսորադասախոսական կազմին, մտավորականներին՝ կանգնել երիտասարդության կողքին և այս պայքարը հասցնել դրական ավարտի»,– ասաց նա:
Ըստ Գյուլումյանի՝ դասադուլը կվերսկսվի երկուշաբթի, իսկ մինչ այդ հանդես կգան հայտարարություններով: Ուսանողական շարժման ներկայացուցիչները, ըստ նրա, պատրաստվում են նաև տարբեր ձևաչափերով հանդիպումներ ունենալ ԵՊՀ գիտխորհրդի անդամների, ԵՊՄՀ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողական կառույցների և դեկանների հետ:
Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ բողոքի ակցիաներ և դասադուլներ են տեղի ունենում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ուսանողական շարժման մասնակիցները նշում են, որ ԿԳՄՍ նախարարն իր դավանած արժեհամակարգով և իրականացվող ծրագրերով անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: