կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-15 12:59
Քաղաքական

Մեր օրակարգը չի փոխվում դրանից, իսկ դասադուլը շարունակվելու է. Գևորգ Գյուլումյանի արձագանքը՝ ԿԳՄՍ-ի հայտարարությանը

Մեր օրակարգը չի փոխվում դրանից, իսկ դասադուլը շարունակվելու է. Գևորգ Գյուլումյանի արձագանքը՝ ԿԳՄՍ-ի հայտարարությանը

Մենք ծանոթացանք ԿԳՄՍ նախարարության հայտարարությանը  հանրությանը հուզող թեմաների շուրջ քննարկումներ սկսելու մասին. մեր օրակարգը չի փոխվում դրանից. Yerkir.am-ին հայտնեց ԵՊՀ ուսանող և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի նախաձեռնող անդամներից Գևորգ Գյուլումյանը:

«Այս պահին շարունակվում է դասադուլը և շարունակվելու է նույնիսկ հանդիպման ժամանակ և այնքան ժամանակ՝ մինչև մենք ստանանք մեր հարցերի պատասխանները, որոնք կբավարարեն մեզ»,– հավելեց նա:

Գյուլումյանը նշեց, որ հանդիպման ձևաչափը պետք է որոշեն նաև իրենք, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը, եթե լինի առանձին հանդիպում, պետք է մասնակցի ոչ պակաս, քան 25-30 դասախոս:

Ինչ վերաբերում է ուսանողների հետ հանդիպման ձևաչափին, ապա, ըստ Գյուլումյանի, այն պետք է լինի լրատվամիջոցների առաջ բաց, այսինքն՝ ուղիղ եթերով:

«Բաց քննարկման կոչ ենք անում: Բոլոր լրատվամիջոցները պետք է լինեն, և չենք պատրաստվում 3-4 հոգով գնալ քննարկման. հանդիպմանը մասնակցող խումբը պետք է ձևավորվի և՛ համալսարանից, և՛ ՀՅԴ ՀԵՄ-ից: Եթե նախարարը փորձի մեզ հրավիրել 3-4 հոգով, մենք չենք պատրաստվում գնալ հանդիպման»,- նշեց նա:

Ուսանողական շարժման ներկայացուցիչը ավելացրեց՝ որևէ զիջում չի լինելու: «Մենք քաղաքակիրթ մարդիկ ենք, ընդունում ենք նախարարի՝ կլոր սեղանի շուրջը  նստելու առաջարկը, բայց գոյություն ունի հստակ ձևաչափ՝  նախաձեռնող խմբի բոլոր անդամները պետք է ներկա լինեն, իսկ մեր առաջ քաշած բովանդակային հարցերի մասով որևէ հետ քայլ չի լինելու»,- հայտարարեց Գևորգ Գյուլումյանը՝ հավելելով, որ նախարարը ցանկանում է՝ թող հանդիպի, իրենք իրենց պահանջի տերն են, հարցերը պետք է լուծում ստանան, իսկ նախարարին տուն ուղարկելու օրակարգն ուժի մեջ է:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունն այսօր հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ առաջիկա օրերին նախատեսվում է նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների հանդիպումը շահագրգիռ կողմերի հետ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման համար:

Արդեն մեկ շաբաթ է՝ համաուսանողական բողոքի ակցիա է տեղի ունենում: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: