Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի նոր իշխանությունը չունի համալիր եւ համակարգային պատկերացում կրթության եւ գիտության համակարգում առկա լուրջ խնդիրների վերաբերյալ. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Քանի որ կրթության եւ գիտության ոլորտը, իշխանության թեթեւ ձեռքով, հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում, ապա հարկ եմ համարում արձանագրել որոշ կարեւոր դիտարկումներ.
1. Հայաստանի նոր իշխանությունը չունի համալիր եւ համակարգային պատկերացում կրթության եւ գիտության համակարգում առկա լուրջ խնդիրների վերաբերյալ;
2. Անցած մեկ եւ կես տարվա ընթացքում Հայաստանի նոր իշխանությունները չեն մշակել եւ հանրությանը չեն ներկայացրել կրթության եւ գիտության զարգացման հայեցակարգ, ռազմավարություն, գործողությունների ծրագիր եւ ժամանակացույց: Պատճառը թեեւս նույնն է. անկարողություն եւ տեսլականի բացակայությունը;
3. Կրթության, գիտության եւ այլ հարցերի նախարարությունը իր ամբողջ ներուժը կենտրոնացրել է ԲՈՒՀ-երի եւ դպրոցների վրա տոտալ վերահսկողության եւ քաղաքական ազդեցության հաստատման ուղղությամբ;
4. Հայաստանի կրթական հաստատությունները, ոսուցիչներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ՀՀ բարձրագույն իշխանության եւ հատկապես, վարչապետ Փաշինյանի կողմից չեն արժանանում պատշաճ ուշադրության եւ հարգանքի:(Ապացույցները կներկայացնեմ ասվածի առնչությամբ կասկածների առկայության դեպքում):
5. Կոնկրետ ոլորտների պետական քաղաքականության մշակման ընթացքում, եթե իհարկե այդպիսիք մշակվում են, ՀՀ իշխանությունները չեն օգտվում Հայաստանի գիտա-ակադեմիական շրջանակների կողմից մշակված հարյուրավոր թեկնածուական եւ դոկտորական ատենախողություններից, գիտական հոդվածներից, մենագրություններից եւ դրանցում առաջ քաշված առաջարկություններից եւ լուծումներից
6. Կրթության եւ գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը կրում է տարերային բնույթ, համակարգված չէ, համաձայնեցված չէ տասնյակ հազարավոր մանկավարժների եւ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ:
7. Կրթության եւ գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը հիմնված չէ Հայկական շահի վրա եւ չի ծառայում այդ շահին: Այս քաղաքականությունը հիմնված է համընդհանուր (գլոբալ) շահի վրա եւ միտված է ՀՀ կրթական համակարգը համընդհանուր շահին ստորադասելուն եւ այդ շահին ծառայեցնելուն:
Կարծում եմ, նշվածը բավարար է կրթության եւ գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ձախողված եւ տապալված համարելու համար:
Ուրախ կլինեմ լսել հակափաստարկներ, եթե այդպիսիք գտնվեն»: