Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում փետրվարի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև վերոնշյալ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակն էր քննարկել կրթություն-աշխատաշուկա կապի, մասնավորապես՝ 2022-2023 ուստարվա համար բուհերի՝ ըստ մասնագիտությունների պետպատվերի տեղերի բաշխման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների առաջարկները:
Վահրամ Դումանյանը նշել է, որ պետք է հստակ ձևակերպել պետական ֆինանսավորմամբ կրթության կարիքները և հստակ սահմանել պետպատվերի նպատակը: Նա շեշտել է, որ պետք է տարեցտարի վերանայել պետական պատվերի քաղաքականությունը և փորձել տեղերի բաշխման ժամանակ ավելի մեծ շեշտադրում կատարել պետության համար առաջնային նշանակության մասնագիտությունների վրա: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե պետպատվերի շրջանակում որ մասնագիտություններով կարիք կա պատրաստելու մասնագետների, որոնք հետագայում կհամալրեն տնտեսության կարիքները և կմտնեն աշխատաշուկա:
Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը դիմել է շահագրգիռ այլ գերատեսչությունների՝ ներկայացնելու համապատասխան առաջարկներ՝ պետպատվերի ձևավորման գործընթացն առավել թիրախային դարձնելու նպատակով: Ըստ այդմ՝ ոլորտային մասնագիտությունների (բարձրագույն և միջին մասնագիտական) և աշխատաշուկայի պահանջարկի բացահայտման ու գնահատման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են Էկոնոմիկայի, ԿԳՄՍ և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի և ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ներկայացուցիչներ։
Աշխատանքային խմբի շրջանակում իրականացվել է հետազոտություն, որի նպատակն էր տնտեսության զարգացման միտումների հիման վրա վեր հանել պետության ռազմավարական ուղղություններում բարձր որակավորում ունեցող աշխատուժի պահանջարկը՝ բարձրագույն կրթության պլանավորման համար։ Հետազոտության շրջանակում իրականացվել են խորքային հարցումներ, այդ թվում՝ պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածի հետ, ինչպես նաև ուսումնասիրվել են մի շարք փաստաթղթեր, աշխատուժի պահանջարկի վերաբերյալ համաշխարհային միտումները, տնտեսական զարգացումների կանխատեսումը Հայաստանի համար, տնտեսության զարգացման արագ աճի պարագայում աշխատաշուկայում սպասվող զարգացումները մինչև 2030 թվականը։
Ըստ այդմ՝ վեր են հանվել առաջիկա 5-10 տարվա համար մասնագիտությունների և առավել պահանջված հմտությունների վերաբերյալ կանխատեսումները մեր երկրի համար, ինչպես նաև Հայաստանում մեծ ներուժ ունեցող ուղղությունները։
Բոլոր հարցվածները շեշտել են կրթության որակի արդիականացման խնդիրը՝ պնդելով, թե առկա բարձրագույն կրթական համակարգը չի բավարարում աշխատաշուկայի պահանջները, քանի որ առկա են որակի անհամապատասխանություն աշխատաշուկայի պահանջների հետ, փափուկ հմտությունների ձևավորման մեծ բաց, ինչպես նաև միջառարկայական, միջգիտակարգային ուղղություններով ուսումնական ծրագրերի ներդրման անհրաժեշտություն։ Հետազոտության հեղինակներն առաջարկել են սահմանել պետպատվերի՝ նպատակային ուսուցման սկզբունքը, պետության համար ռազմավարական ուղղություններում մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ տրամադրել կրթաթոշակներ և տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով ներդնել գործուն պրակտիկայի մոդել՝ ուսումնառության առաջին տարիներից սկսած։
Որպես առաջիկա անելիքներ՝ սահմանվել են զբաղմունքների, մասնագիտությունների, տնտեսական գործունեության դասակարգիչների և որակավորումների շրջանակի համապատասխանեցում միջազգային չափանիշներին՝ հիմք ընդունելով ESCO և ԵԱՏՄ համակարգերի սինխրոնիզացիան, թափուր հաստիքների հավաքագրման տեղեկատվական հարթակի և աշխատանք փնտրողների համար առցանց հարթակի գործարկում, աշխատուժի պահանջարկի կանխատեսման մոդելի կառուցում, կարճաժամկետ և երկարաժամկետ ուսուցման իրականացման առաջարկների ներկայացում պատկան մարմիններին, ինչպես նաև DACUM մեթոդաբանությամբ ընտրված ուղղություններով շուկայի կողմից հմտությունների ու կարողությունների պահանջարկի վերհանում՝ ուսումնական ծրագրերն արդիականացնելու նպատակով։
Մասնակիցներն անդրադարձել են նաև ոչ ֆորմալ կրթության և կարճաժամկետ ծրագրերի միջոցով մասնագետների վերաորակավորման խնդրին: Հանդիպման ավարտին քննարկվել է հետագա քայլերի հաջորդականության հարցը: