|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին:
Այս կարեւորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին՝ ազգովի, համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի եւ սերունդների ապագայի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվության, մեր խիզախության ու տոկունության շնորհիվ: Կերտել ենք՝ մտքում փայփայելով ազատ, անկախ ու երջանիկ երկիր ունենալու երազանքը:
Այսօր մեր ժողովուրդն այդ նվիրական երազանքի իրականացման ճանապարհին է: Համոզված եմ՝ այն մենք կանցնենք հաջողությամբ, որովհետեւ կառուցում, շենացնում ու պաշտպանում ենք մեր հայրենի հողը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ մեր քաղաքացիների արժանավայել կյանքի համար: Մենք դա կանենք մեր եւ մեր զոհված ընկերների՝ մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն: Դա բոլորիս սրբազան պարտքն է:
Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին, ում կյանքի գնով իրականություն է դարձել այս պանծալի տոնը:
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:
Կեցցե՛ հայ ժողովուրդը»: