կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-05 13:30
Քաղաքական

Մենք մինչև վերջ մեր հետևությունները կանենք. Փաշինյան

Մենք մինչև վերջ մեր հետևությունները կանենք. Փաշինյան

ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում: Սնդիկի վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում ելույթ էր ունենում Արմեն Աշոտյանը, և հարցեր տալու համար հերթագրվեցին պատգամավորներ: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց տալու փոխարեն, ասաց` կարևոր հայտարարություն պետք է անի:

«Ինչպես իմ ֆեյսբուքյան էջում գրել եմ` ԱԺ միջանցքում Հանրապետական խմբակցության պատգամավոր Գեղամյանը խուլիգանի նման բռունցքներով հարձակվել է ինձ վրա, և հետաքրքիրն այն է, որ նա մամուլին հերքել է: Ես ուզում եմ ասել, որ վկաներ կան` և' ԱԺ պատգամավոր, և' լրագրող, և' անվտանգության աշխատակիցներ: Մենք պարզաբանում ենք պահանջում Հանրապետականից, պետք է հստակ պարզաբանվի, թե այս խուլիգանական արարքն ի՞նչ կապ ունի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի` ոչ հեռավոր անցյալում արտահայտած մտքի հետ` ձեր պադյեզդները զգույշ մտեք, կարող է ինչ-որ բաներ տեղի ունենան: Սա շատ լուրջ հարց է: Մենք մինչև վերջ մեր հետևությունները կանենք»,- հայտարարեց նա:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարությունից հետո նշեց, որ մտահոգություն են հայտնում ցավալի դեպքի կապակցությամբ, և հավելեց, որ անպայման պետք է լինեն պարզաբանումներ:

Արմեն Աշոտյանն էլ, ով ամբիոնի մոտ էր, նշեց, որ տեղյակ չէ միջադեպից, քանի որ եվրոպական պատվիրակության էին ընդունել: «Այնուամենայնիվ, դատապարտելի են միջանձնային հարաբերությունները ոչ քաղաքական գործիքակազմով լուծելու փորձերը: Թե ի՞նչ է եղել իրականում, ո՞նց է եղել, ժամանակ կլինի: Դուք և Գեղամյանը, ձեր և մեր խմբակցությունները կանդրադառնան»,- ասաց նա, ապա հավելեց, որ պետք չէ սա կապել քննարկվող ` սնդիկի մասին հարցի հետ:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ հարցրեց` չե՞ք կարծում, որ պատգամավորին ծեծի ենթարկելը անթուլյատրելի է: Ապա մատնանշեց, որ եթե լուրջ դեմքով խոսվում է Թուրքիայի խորհրդարանում Կարո Փայլանի ծեծի մասին, մեր խորհրդարանում նման միջադեպի համար պետք է ավելի մտահոգ լինել: «Ես ակնկալում եմ ՀՀԿ խմբակցությունից դատապարտման հայտարարություններ»,- հայտարարեց նա:

Աշոտյանը կատակեց. «Իմ ճակատին գրված է, որ ես բոլոր պատեհ և անպատեհ առիթներին պետք է քաղաքական առաջնագծում հայտնվեմ, նաև` սնդիկի հետ կապված քննարկման թեմաների շրջանակներում»:

«Ես ուրիշ բան կխնդրեմ ձեզ, ես տեղյակ չեմ միջադեպից, բայց տեսել եմ գրառումը: Եկեք գնահատականներ չտանք: Դուք ֆրակցիային եք կպնում, մեր գործընկերներին եք կպնում, մի' շտապեք գնահատականներ տալ: Մենք գնահատականներ կտանք հարցին խորամուխ լինելուց հետո»,- հավելեց նա:

Աշոտյանը նաև նշեց, որ չի լսել Գեղամյանի տեսակետը` միջադեպի հետ կապված, և ճիշտ է, չի կասկածում նրանց խոսքին, բայց նշեց, որ պետք է լսի նաև Գեղամյանին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագիծ են ներկայացնելու էթիկայի հանձնաժողով, և հավելեց` հուսով է իրենց մյուս առաջարկների ճակատագրին չի արժանանա այս հարցը:

Կրկին միջամտեց նիստը վարող Մելքումյանը և հիշեցրեց, որ այլ հարց է քննարկվում, և պետք է մնալ այդ քննարկման շրջանակում:

Աշոտյանը նշեց, որ ինքը պարտավոր է արձագանքել: «Եթե նրանց հնարավորություն է տրվում թեմայից դուրս հարց տալ, ես էլ պարտավոր եմ պատասխանել: Կա'մ կանխեք հարցին չվերաբերող հարցադրումները, կա'մ մենք էլ ունենք այստեղ իրավունքներ»,- ասաց նա, ապա հավելեց. «Ես դա էի ուզում ասել` էթիկայի հանձնաժողով կլինի և կքննարկվի, եթե միջադեպը եղել է, հիմա քննարկելը հարիր չէ այս խորհրդարանական ձևաչափին»: