կարևոր
3226 դիտում, 9 ամիս առաջ - 2023-05-05 15:22
Քաղաքական

«Խաղաղության ագռավը»․ կարող է խաղաղություն լինել, բայց հայ ժողովրդի համար անընդունելի ձևով

«Խաղաղության ագռավը»․ կարող է խաղաղություն լինել, բայց հայ ժողովրդի համար անընդունելի ձևով

7or.am-ը գրում է․  ԱԺ-կառավարություն հարցուպատասխանաշարում եղավ մի դրվագ, որ նույնպիսի հետաքրքրություն չհարուցեց, ինչպես հարուցեցին, օրինակ, դավաճան բառից չվախենալու կամ «հայրենասիրության մոդելի» մասին տափակ դատողություններով փաշինյանական փայլատակումները: Այդ մի հարցին պատասխանելիս, նկատենք, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ոչ մի անգամ ձեռքը հետույքին կամ աճուկին չտարավ, չշորորաց, չքորվեց:

Մինչդեռ, «տնային աշխատանքի» տարբերակով իր յուրայիններից մեկի հարցը ինքնին շքեղաշուք էր: Ահավասիկ. «Կցանկանայի ներկայացնեիք Հայաստանի շուրջ և մեր տարածաշրջանում իրադրության ռազմավարական ձեր գնահատականը» (հարցատու՝ ՔՊ-ական դեպուտատ Սարգիս Խանդանյան): Չհասկացվեց՝ իրադրությո՞ւնն է ռազմավարական, թե՞ այդ իրադրության վերաբերյալ Փաշինյանի դուրս տված տրիվիալություններն են «ռազմավարական»: Բայց Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հարցի համար (երևի ինքն էր այն ձևակերպել) ու անցավ պատասխանելուն:

Պատասխանը գերազանցեց բոլոր սպասելիքները: Ինչ արժե Փաշինյանի թեկուզ հետևյալ հանճարեղ դատողոությունը, որը եթե լսեին Օլբրայթն ու Քիսինջերը, ապա նախանձից կկանաչեին, անկասկած: Ահավասիկ. «Պիտի արձանագրենք, որ միջազգային իրադրությունը ռազմավարական ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա, և նաև պիտի ասենք, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները նաև որոշակի ազդեցություն են ունեցել միջազգային իրադրության հետագա զարգացման վրա»:

Զարմանալի է, որ իր քպ-ականները «ծափ տվեք, արա՜…» տարբերակով հոտնկայս ու բուռն օվացիայով չողջունեցին իրենց հոգևոր հովվի…, կներեք, քաղաքական առաջնորդի այս տափակագույն մտաժայթքումը:

ՔՊ-ի կողմից դրսևորած այդ անտակտությունը հարթելու համար արժե, թերևս այստեղ, դիմելով քանքար Փաշինյանին՝ հավելել. «Ակո՜ւնք իմաՍՏության…»:

Ասածն ի՞նչ էր: Սա էր. «Իսկ ռազմավարական գնահատական եթե կարճ ձևակերպելու լինենք, կարող ենք ասել, որ մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են կամ դեֆորմացված են կամ դեֆորմացվում են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների»:

Իսկ ոմանք ասում են՝ անմեղսունա՜կ, այս, այն: Տեսա՞ք թե որքան հմտորեն խոնարհեց դեֆորմացվել բայը: Դրանից ավելի զիլ խոնարհում էր մեր ուսանողական ընկերներից մեկը. «Հայերը եղել են, եղում են ու կյեղեն…»:

Չնայած, նրա ասածը կարող է և չլինել, քանի որ Փաշինյանը «գցել-բռնել» է (մտածելն այս դեպքում կոմպլիմենտ կլիներ), որ ՀՀ անվտանգությունը կարող է ապահովել միայն… «համապարփակ խաղաղությունը»:

Խաղաղությունացավի է եկել տղան: Դա իր մտասևեռումն է: Բոլորը տեսնում ու հասկանում են, որ տարածաշրջանը գնալով ավելի պինդ է նստում վառոդի տակառի վրա, սա դեռ խաղաղությունից է ճառում, այն էլ՝ համապարփակ: Թուրքը Հայաստանը կրծոտելով առաջ է գալիս, սա խաղաղությունից է բարբաջում:

Բայց հիմնականը. ասում է, թե այդ «համապարփակ խաղաղությունը» հնարավոր է, ուղղակի պրոբլեմն այն է, որ կարող են խաղաղության պարամետրերն ընդունելի լինել Հայատանի ու հայ ժողովրդի համար, բայց կարող են և անընդունելի լինել կամ ընդունելի չլինել:

Թե ո՞րն է «խաղաղության պարամետրը», որն ընդունելի չէ հայ ժողովրդի համար, թերևս կռահելի է. դա հայության կոտորածն է՝ պատմական հայրենիքի վերջին բեկորի վրա: Մի բան, ինչին ձգտում են Փաշինյանն ու իր ՔՊ-ն՝ այդ ամենը քողարկելով պսևդոհայրենասիրական ճառերով, այն էլ՝ ոչ միշտ, ի դեպ:

Սա այն Փաշինյանն է, որ ինչ-որ անհեթեթ «ծամոն» էր միառժամանակ առաջ ասպարեզ նետել, թե Արցախի խնդրի լուծումը պիտի բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին ու ադրբեջանական ժողովրդին: Պարզվեց, որ Փաշինյանի երազանքը բացառապես ադրբեջանական իր սիրելի ժողովրդին բավարարելն էր: Հիմա՝ «խաղաղության պարամետրերի» անվան տակ նման մի բան էլ խաղացնում է արդեն Հայաստանի ու ՀՀ ժողովրդի դեմ կամ գլխին: Կարճ ասած, եթե փաշինյաներենից վերծանենք ընկալելի հայերենի, նա ասում է, որ բոլորիդ վաղը, մյուս օրը, հենց ամերիկացիները անձնական ապահովության երաշխիքները տրամադրեն, ձեզ թուրքերի ողորմածությանն եմ հանձնելու և ցվրվեմ ձեր դժբախտ ու դժգույն Հայաստանից:

Փաշինյանն ասաց նաև, թե այդ «համապարփակ խաղաղության» որոնումներն ականապատ դաշտում են, և որքան առաջ են շարժվում, այնքան ականները շատանում են: Մնում է միայն ափսոսալ, որ դեռ բավարար հզորության «ականի» վրա չի կանգնել՝ հանրությանը ձերբազատելով իր ճապաղ դատողությունները լսելու անհրաժեշտությունից:

Կան գործիչներ, որոնց «բազե» են բնորոշում, կան գործիչներ էլ, որոնց «խաղաղության աղավնի» են ասում: Բայց Փաշինյանը նոր տեսակ է, որին ավելի կսազեր «խաղաղության ագռավ» տարբերակը: