Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի գործունեությունն ուսումնասիրած ցանկացած անձ հասկացել է, թե Քննչական կոմիտեի՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ այսօր տարածած հաղորդագրությունն ինչի կամ ում էմոցիոնալ պոռթկման հետևանք էր։
Այսպես, Հրայր Թովմասյանի հորական տանիքի և վարորդի՝ հարկադիր կատարման ծառայությունում գրանցված լինելու վերաբերյալ ԱԱԾ երեկվա «բացահայտումը» էլ ավելի ամրապնդեց Հրայր Թովմասյանի իրապես սկզբունքային և ոչ կոռումպացված պաշտոնյայի համբավը։ Ավելին, Facebook-ում սկսվեց «սուրբ Հրայր» արշավը, որը չէր կարող չնկատել ամբողջ աշխատանքային օրը նույն Facebook-ում անցկացնող Նիկոլ Փաշինյանը:
Կասկած չունեմ, որ Սահմանադրական օրենքները կոպտորեն խախտող ՔԿ հաղորդագրության տարածման իրական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա մերձավոր թիմը որոշել են տարածել նշված հաղորդագրությունը Հրայր Թովմասյանին պախարակելու և Facebook-ում տարածվող պոզիտիվ ալիքը մի կերպ կանգնեցնելու համար։
Արդյո՞ք նշված փորձը հաջողված էր։ Կարծում եմ՝ ոչ։ Նույնիսկ ամենամոլի նիկոլականին արդեն ակնհայտ է ինչպես Հրայր Թովմասյանի ոչ կոռումպացված լինելը, այնպես էլ իրականացվող պրոցեսում իրավական ընթացակարգերի բացակայությունը:
Դրան զուգահեռ ակնհայտ է, որ մոտակա օրերին մեզ սպասվում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կալանավորումը։
Կալանավորում, որն իրական փորձություն է լինելու մեր իրավական համակարգի ներկայի և ապագայի համար։
Կալանավորում, երբ ազատությունից զրկվելու է ոչ թե մեկ անձ, այլ ամբողջական դատական իշխանությունը։
Կալանավորում, որի հետագա ելքից կախված է լինելու մեր պետության ու քաղաքացու ճակատագիրը։
Տարիներ առաջ ո՞վ կմտածեր, որ այս ամենն ինչ-որ փուլում կախված է լինելու լավ սահմանադրագետ և համեստ անձի համբավ ունեցող GTZ-ի Հրայրի կամքի տոկունությունից։ Ես որ հաստատ չէի մտածի»: