Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայկ Մարտիրոսյանը կաշխատի ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում: Փաստաթղթերի ձևակերպումն ու աշխատանքային պարտականություններին անցնելու գործընթացը համապատասխան ժամկետներում կիրագործվի. Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:
Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք ՊԵԿ-ում տեղյակ են՝ շուրջ 7 ամիս առաջ` ապրիլի 9-ին, գետնին ընկած դրոշի պատճառով ՀՀ վարչապետի հրամանով աշխատանքից ազատված Հայկ Մարտիրոսյանն այս ժամանակահատվածում այլ աշխատանք կարողացե՞լ է գտնել, քանի որ ՊԵԿ-ում այլ աշխատանք չէր առաջարկվել նրան, Լուսինե Մկրտչյանը պատասխանեց, որ այս ժամանակահատվածում Հայկ Մարտիրոսյանի աշխատանքային զբաղվածության վերաբերյալ տեղեկություն չունեն:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հավելեց, որ Հայկ Մարտիրոսյանը կրկին համակարգ վերադառնալու առաջարկն ուրախությամբ է ընդունել:
Նշենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դեռևս ապրիլի 11-ին լրագրողներին մեկնաբանել էր, թե Հայկ Մարտիրոսյանը սեփական նախաձեռնությամբ է դիմում գրել: Իսկ այսօր ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հետևյալը. «Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայումն պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:
Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետեւություններ անելու համար:
Հ.Գ. Ապրիլից այսկողմ բազմիցս համոզվել եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրված դրոշը, բացօթյա տեղադրված պետական դրոշը եւ այլն) շարունակած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով:
Առաջիկայում պատրաստվում եմ այս թեմայով կոնկրետ հանձնարարություններ տալ»:
Նարա Մարտիրոսյան