կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-16 13:37
Իրավական

Դատապարտում ենք «Հայելի» ակումբի դեմ հարձակումը. Լրագրողների եվրոպական ֆեդերացիա

Դատապարտում ենք «Հայելի» ակումբի դեմ հարձակումը. Լրագրողների եվրոպական ֆեդերացիա

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) հայտարարություն է տարածել «Հայելի» ակումբի դեմ տեղի ունեցած հարձակման կապակցությամբ՝ դատապարտելով այն։ 

Կազմակերպության կողմից տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Կառավարության աջակիցների մի խումբ հոկտեմբերի 5-ին հարձակում է գործել առցանց լրատվամիջոց «Հայելի» ակումբի վրա, որը բավականին քննադատական վերաբերմունք ունի հայաստանյան իշխանությունների նկատմամբ: Խումբը ձվեր է նետել մայրաքաղաք Երևանում գտնվող գրասենյակի ուղղությամբ և մուտքի մոտ փակցրել վիրավորական պաստառներ:

Չորս կասկածյալները (արդեն մեղադրյալներ.- Yerkir.am) հայտնի են՝ որպես ՀՀ վարչապետի աջակիցներ, և բողոքում էին ընդդեմ նախորդ շաբաթ կայքում հրապարակված նյութի վերնագրի, որը նրանք համարում են ադրբեջանամետ: Խոսքը «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին» վերնագրի մասին է: Հոդվածը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային արձագանքն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը:

«Նրանց բախտը բերել է, որ դուռը փակ էր: Մենք պատրաստվում էինք նույնն անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ»,- ասաց հարձակում գործած երիտասարդներից մեկը, իսկ մյուսը պահանջեց, որ լրատվամիջոցը պետք է փակվի:

«Հայելի» ակումբը արարքը բնութագրեց՝ որպես քաղաքական հետապնդում, և իրավապահ մարմիններին կոչ արեց համապատասխան գործողություններ նախաձեռնել:

Ոստիկանությունը քննում է լրագրողների մասնագիտական և օրինական աշխատանքի խոչընդոտման փորձի վերաբերյալ նյութերը, ինչը Հայաստանում հանցագործություն է համարվում: Չորս երիտասարդները հարցաքննվել և ստորագրությամբ ազատ են արձակվել:

Հարձակումը դատապարտվել է ՀՀ օրենսդիր մարմնում ներկայացված կուսակցությունների և կառավարության մի շարք անդամների կողմից:

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է իր հայաստանյան գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով այս հարձակումը: Մեր գործընկերներն իշխանություններից պահանջում են  ապահովել լրագրողների անվտանգությունը:

Այս հարձակումը Հայաստանում լրատվամիջոցների շուրջ լարված մթնոլորտի ընդամենը մի օրինակ է, որտեղ վերջին ամիսներին լրագրողների, մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված հռետորաբանությունն ու ատելության խոսքն ավելանում են»: