Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է զինված հարձակումը Հայաստանի ոստիկանության դեմ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Հայաստանի իշխանություններին «զսպվածություն» ցուցաբերել ՊՊԾ գնդի տարածքում պատանդներ պահած զինյալների հետ հարաբերություններում:
«Մեր ցավակցությունն ու աղոթքն եք հղում կիրակի օրը Երևանի Էրեբունի թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված և վիրավորված ոստիկանների ընտանիքներին», - հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները:
«Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական նպատակներով բռնությունների օգտագործումը Հայաստանում կամ ցանկացած այլ վայրում», - ասել է Թոները Վաշինգտոնում անցկացվող մամուլի բրիֆինգի ժամանակ: - «Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին իրավիճակին մոտենալ հարկ եղած զսպվածությամբ», - հավելել է նա:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները որպես քաղաքական փոփոխությունների ճանապարհ է համարում ժողովրդավարական գործընթացները. - «Եվ մենք շրջահայեցության կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, թե բռնությունը կարող է քաղաքական նպատակների հասնելու ընդունելի ուղի լինել»:
Իրենց «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը հուլիսի 17-ին գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդներ վերցրել ոստիկանների: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր անցած ամիս` զինված խմբավորումների միջոցով շենքեր գրավելու ծրագրեր ունենալու կասկածանքով: Զինված խումբը, որի հարձակման ժամանակ զոհվել է 1 ոստիկան, պահանջում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Իրավապահները փակել են ՊՊԾ գունդ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է զինված խմբի հետ:
Ըստ azatutyun.am-ի