կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-30 17:39
Հասարակություն

«ԱրմենՏելի» վաճառքից, ոչինչ չանելով, որոշ մարդիկ ստացան մի քանի տասնյակ միլիոն դոլարի շահույթ (մաս 20)

«ԱրմենՏելի» վաճառքից,  ոչինչ չանելով, որոշ մարդիկ ստացան մի քանի տասնյակ միլիոն դոլարի շահույթ (մաս 20)

1991-1997թթ. արձանագրվեց կապի ծառայությունների խիստ կրճատում։ Եթե 1991թ. կապի ձեռնարկություններն առաքել են 48.6 մլն նամակ,1.4 մլն ծանրոց եւ 2.9 մլն հեռագիր,ապա 1997թ. այդ ցուցանիշները նվազեցին՝ հասնելով, համապատասխանաբար, 0.7,0.002  եւ 0.1 միլիոնի։ Այսինքն՝ կապի այս ծառայությունները գրեթե դադարեցին գործել։  Ցուցանիշների կտրուկ անկում գրանցվեց հատկապես 1993թ.։  Մեկ տարվա ընթացքում նամակների առաքումը կրճատվեց ավելի քան 73,ծանրոցներինը՝ 99.5 եւ հեռագրերինը՝ 26.1 տոկոսով։

Էներգետիկ ճգնաժամի, տեխնիկական անսարքությունների եւ այլ գործոնների պատճառով կտրուկ նվազեցին միջքաղաքային հեռախոսային խոսակցությունները։

Կապի ոլորտում ստեղծված խայտառակ վիճակը հաղթահարելու նպատակով 1995թ. էլեկտրակապի եւ փոստային կապի տարանջատման ճանապարհով ստեղծվեց «Հայաստանի հեռախոսային ցանց» ընկերությունը։ Վերջինիս անցան Հայաստանի հեռախոսային կապի բոլոր ակտիվները։ Կարճ ժամանակ անց պարզվեց,որ կապի համակարգի տարանջատման իրական նպատակը բոլորովին այլ էր։

Նույն տարվա ընթացքում հիմնադրվեց «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկությունը,որի բաժնետոմսերի 49 տոկոսն անցավ ամերիկյան անհայտ մի ընկերության՝ TWT-ի։ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի մնացած 51 տոկոսը ձեռք բերեց կառավարությունը։ Բայց դա կատարվեց ոչ թե կանխիկ վճարումով,այլ դրա դիմաց ներդրվեց Հայաստանի ամբողջ հեռախոսային ցանցը։ Այսինքն՝ հեռախոսակապի ամբողջ համակարգը ներդրվեց անհայտ ինչ-որ ընկերության հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար։ Այդպիսով՝ հանրապետության հեռախոսային ցանցի գրեթե կեսը շուտով անցավ այդ ընկերությանը։

Չնայած համատեղ ձեռնարկության ստեղծումը պատճառաբանվեց հեռախոսակապի շահագործման արդյունավետության բարձրացմամբ,այնուհանդերձ, դա տեղի չունեցավ։ Հետագայում պարզվեց,որ «ԱրմենՏելի»  ստեղծումով իշխանությունները հետապնդում էին շատ ավելի հեռահար նպատակներ։ Ամերիկյան ընկերության հետեւում կանգնած որոշ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ այդ ճանապարհով չնչին գնով կարողացան տիրանալ հսկայական հարստության։

Ձեռք բերած ակտիվները դրամական միջոցների վերածելու նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծումից ընդամենը մեկ տարի անց 1996թ. որոշվեց վաճառել «ԱրմենՏելը»,որի բաժնետոմսերի 49 տոկոսն այլեւս պետությանը չէր պատկանում։ Այն պարզապես նվիրվեց  օֆշորային գոտում գրանցված ինչ-որ անհայտ ընկերության։ Իսկ այդ ամենի հետեւում կանգնած էր կապի նախարար Գ. Պողպատյանը,որը «ԱրմենՏելի» վաճառքից հետո հեռացավ Հայաստանից։

«ԱրմենՏելի» 90 տոկոս բաժնետոմսերը հունական OTE ընկերությունը ձեռք բերեց 147.2 մլն դոլարով՝ ընդ որում,դրա համար վճարելով «Սիմենսի» 205 մլն դոլար վարկով։ Այս գործարքի արդյունքում,եթե կառավարությունն իրացրեց իրեն պատկանող բաժնետոմսերի 41,ապա  TWT-ին՝ 49 տոկոսը կամ ամբողջը։ Այսինքն՝ ի սկզբանե այդ ընկերությունը բոլորովին էլ նպատակ չուներ աշխատել Հայաստանում։

Այդպիսով՝ «ԱրմենՏելի» վաճառքից ստացված գումարի կեսից ավելին բաժին ընկավ օֆշորային գոտում գրանցված ամերիկյան անհայտ մի կազմակերպության հետեւում կանգնած մարդկանց,որոնք,  ոչինչ չանելով Հայաստանի հեռախոսակապի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար, ընդամենը մեկ տարվա  ընթացքում կարողացան ստանալ մի քանի տասնյակ միլիոն դոլարի շահույթ։ Մնում է միայն ենթադրել,թե ով շահեց տվյալ «սեւ գործարքների»  իրականացման արդյունքում։

Այս ամենն արվում էր կառավարության հովանավորությամբ եւ որոշումների հիման վրա։ Նման չկշռադատված,ավելի ճիշտ՝ միտումնավոր գործունեության հետեւանքով պետությանը հասցվեց միլիոնավոր դոլարների վնաս։

Շարունակելի