կարևոր
4927 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-13 16:57
Քաղաքական

Անթասիբությունն էլ սահման պիտի ունենա․ ինչո՞ւ ես նսեմացնում հորդ անցած հերոսական ճանապարհը․ Ալյոշա Գաբրիելյանը՝ Արգիշտի Մեխակյանին

Անթասիբությունն էլ սահման պիտի ունենա․ ինչո՞ւ ես նսեմացնում հորդ անցած հերոսական ճանապարհը․ Ալյոշա Գաբրիելյանը՝ Արգիշտի Մեխակյանին

Ասկերանի նախկին քաղաքապետ, ՀՅԴ անդամ Ալյոշա Գաբրիելյանն անդրադարձել է Վաղարշապատի ընտրությունների՝ նշելով․

«Ափսոսում, շատ եմ ափսոսում, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, գետնով է տալիս ու անպատվում է հայրենասեր, ազգասեր, Արցախով ապրած ու շնչող հոր`Մեխակ Մեխակյանի հերոսական անցյալը, պատիվն ու հեղինակությունը։

Այս ամենը ցավով եմ նշում, քանզի Մեխակին քաջտեղյակ եմ արցախյան շարժման առաջին օրերից, երբ հաճախակի իր հայրենի Արագած գյուղ էի գալիս բարեկամներիս այցելության։

Մեխակը այդ տարիներին գյուղի կրթօջախի ուսուցիչներից էր և իմ ամեն մի այցելություն իր նախաձեռնությամբ վերածվում էր հանդիպումների շարքի` դպրոցի բարձր դասարանցիների և ուսուցչական կոլեկտիվի մասնակցությամբ։

Հետագա տարիներին, երբ շարժումը մտավ զինված հակամարտության փուլ, այնքան էլ զարմանքս մեծ չեղավ, երբ տեղեկացա, որ Մեխակը ընդգրկվել է Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ գործող ինքնապաշտպանական ջոկատի մեջ։ Այդպես էլ պետք էր որ լինի` Մեխակի խառնվածքի և կամային բարձր հատկանիշները հաշվի առնելով։

1994 թվականի գարնանը Թալիշի ազատագրության համար մղված մարտերից մեկում հերոսը կնքեց իր մահկանացուն` հանուն Արցախի ազատության ու անկախության։

Մարտական խաչի ասպետի զոհված վայրում տեղադրված է Մեխակ Մեխակյանի հուշարձանը։

Հիմա, այս պահին լսում եմ Արգիշտիի լրատվամիջոցներին տված հարցազրույցը և ուղղակի ապշում և ամաչում եմ նրա ասած այն խոսքերից, որ, իբրև թե, նա հորը ասել է, որ պետք է թուրքին վերադարձվի հայի արյունով ազատագրված բոլոր շրջանները։

Լկտիությունն ու անթասիբությունն էլ սահման պիտի ունենա, թե ոչ` ա՛յ ոչուփուչ, այ՛ հերոս հոր անարժան զավակ։

Ինչի՞ ես նսեմացնում Մեխակի անցած հերոսական ճանապարհը, ինչի՞ ես անպատվում նրա մեծությունն ու հեղինակությունը, այ այլանդակ ու անարժան զավակ։ Թե, ինչ է, պե՞տք է համայնքի ղեկավար դառնաս, թե ինչ է, պե՞տք է դավաճան նիկոլին հավատարմությունդ հայտնես։

Ամոթ քեզ, հազար անգամ նզովյալի կարգավիճակի արժանանաս։

Հարամ լինի քո վաստակն ու ձեռք բերածն, այ ուրացողի, այ ազգադավի, այ թուրքահպատակի ծառա։

Հորդ պատվի ու հեղինակության շնորհիվ գերդաստանովդ հանդերձ ձեր ուրույն տեղն ու կարգավիճակն ունեիք համարյա թե բոլոր իշխանությունների օրոք։ Ինչը՞ քեզ ստիպեց կանգնես Արցախը ծախածների շարքում, հորդ ձեռք բերածները ուրացողների կողքին։

Հաստատ գիտեմ` փոշմանելու ես, բայց...

Արգիշտի տղա, երբ աշխատում էիր մարզպետի պաշտոնում, չգիտեմ ինչու և ինչի համար հոգու կանչ և ցանկություն առաջացավ մեջս ուղղակի որպես Մեխակի ժառանգորդի տեսակցել ձեզ։

Մի այլ պարագայում լրատվամիջոցներին հայտնել եք, որ միշտ հասանելի եք եղել բոլորին ու այդպես էլ կաք ու լինելու եք։

Սակայն, ցավոք սրտի, հերթական անգամ ապրեցի մեծ հիասթափություն և յոթանասունութամյա ծերուկս ձեր կողմից արժանացավ անպատվության։ Այս անգամ արդեն, շեֆիդ որոշմամբ սեփական հայրենիքում փախստականի կարգավիճակ ստացած և թափառական դարձած անձս հերթական անգամ ներկայացավ ծննդավայրդ` իմ կողմից շատ սիրված Արագած գյուղը։

Ձեր իսկ բարեկամ֊հարազատների ու ծանոթների օգնությամբ ճշտելով ձերդ մեծության հեռախոսահամարը, մի շարք անգամ` տարբեր ժամերի ու օրերի տևողությամբ, զանգեցի` ճշտելու մեր հանդիպման օրն ու ժամը։

Ամեն անգամ զանգերը տեղ էին հասնում, սակայն...

Չարժանացա, նորին մեծություն` պարոն մարզպետի ուշադրությանը»։