կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-26 11:50
Հասարակություն

Ժողովրդակա՞նն է առաջնայինը, թե՞ եվրոպականը. Կոմիտասի և Ռոմանոս Մելիքյանի պատմական վեճը

Ժողովրդակա՞նն է առաջնայինը, թե՞ եվրոպականը. Կոմիտասի և Ռոմանոս Մելիքյանի պատմական վեճը

Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով «Yerkir.am»-ը ներկայացնում է մի հետաքրքրական դրվագ մեծ հայի կյանքից: Խոսքը «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» գրքում տեղ գտած՝ կոմպոզիտոր Ազատ Մանուկյանի մի պատմության մասին է, որը տեղի է ունեցել հենց հուշագրի տանը՝ Թիֆլիսում: Ստորև բերվող այդ հուշագրությունը, որը լավագույնս բնութագրում է մեծն Կոմիտասի ազգային մտածողությունը, ունի նաև արդիական հնչեղություն և կիրառական մեծ նշանակություն:

 

Օրերից մեկը

1913 թվականն էր. Կոմիտասը Թիֆլիսում էր: Բարեգործական ընկերության նախաձեռնությամբ լինելու էր համերգ՝ Կոմիտասի և Եկմալյանի ստեղծագործություններից կազմված ծրագրով: Կազմակերպված էր քառաձայն խումբ: Կոմիտասը Եկմալյանի երգերի ղեկավարման գործը հանձնել էր ինձ: Փորձերը տեղի էին ունենում Բարեգործական ընկերության դահլիճում, որ մեր տան դիմացն էր (Աբաս-Աբադյան փողոցում), ուստի համարյա ամեն երեկո, փորձից հետո Կոմիտասը, Ռոմանոսը, լիգայի մեր մյուս անդամները հավաքվում էին մեր տանը, թեյ էին խմում և զրուցում երաժշտական աշխարհի անցուդարձերից: Հաճախ լինում էին լուրջ վիճաբանություններ: Մի երեկո վիճաբանությունը սուր կերպարանք ստացավ. Կոմիտասը պնդում էր այն տեսակետը, թե դպրոցներում առաջին հերթին պետք է տեղ տալ ժողովրդական երգին: Ռոմանոսը պաշտպանում էր մեր երաժշտական լիգայի տեսակետը, թե նախ պետք է տեղ տալ եվրոպական  երաժշտությանը, մարզել երեխայի երաժշտական գեղարվեստական ճաշակը կուլտուրապես և ապա տալ ժողովրդական երաժշտությունը, որ նա կարողանա գիտակցորեն  ըմբռնել ժողովրդական երգը: Այս վիճաբանությունը սուր կերպարանք ստանալու վրա էր, երբ ներս մտավ Հովհ. Թումանյանն իր երեք աղջիկների հետ:

- Ախպեր, մեր տանը կռիվ շամաթա էր,- ասաց Հովհաննեսը, դեռ ոչ մեկիս ձեռք չտված.- Մեկը, թե՝ ես եմ գալու. Անուշը, թե՝ չէ, ես եմ գալու, Ազատ Մանուկյանը ի՛մ ուսուցիչն է. Սեդան, թե բա իմ ուսուցիչը չէ՞. և էսպես բոլորը եկան: Ասում եմ՝ ախր Ազատենց տանը էնքան աթոռ չկա, թե՝ մենք կկանգնենք, ու եկանք: Դե՛, բարև ձեզ,- ասաց Հովհաննեսը, և ինքն ու աղջիկները ձեռք տվին բոլորին: Երբ հերթը հասավ Կոմիտասին, Հովհաննեսը ասաց.

- Ա՛յ մարդ, ի՞նչ գործ ունես էս ջահելների մեջ, դու է՞լ ես լիգայի անդամ:

Կոմիտասը պահ մի զսպեց իր ջղայնությունը և ծիծաղելով ասաց.

- Կորչի՛ երաժշտական լիգան իր Ռոմանոսով: Ազա՛տ, էլ քո տուն չե՛մ գա, եթե Ռոմանոսը էստեղ լինի: Հոգեհան է, էլի՜,- ավելացրեց նա:

Վիճաբանությունը դադարել էր, տիրում էր ընդհանուր ուրախություն:

Հովհաննեսի աղջիկները զուրկ էին երաժշտական ունակություններից:

Անուշը, որ ավելի երաժշտական էր, քան մյուսները, Կոմիտասի թախանձանոք երգեց Գայանյան դպրոցում սովորած Հովհաննեսի «Անուշը», որ նոր էի ձայնագրել:

- Դե՛, երեխեք, ժամանակն է տուն գնալու, վաղը դաս ունեք,- ասաց Հովհաննեսը՝ վեր կենալով:

- Ես պետք է Կոմիտասին ճանապարհ գցեմ,- ասաց Ռոմանոսը,- Փարիզի փողոցներից հետո մեր թաղի փողոցներով անցնելիս վա՛յ թե վախենա:

- Չէ՛, Ռոմանոս, ավելի լավ է էդ փողոցների մեջ կորչեմ, քան թե քեզ հետ գնամ,- ասաց Կոմիտասը, և միասին հրաժեշտ տվին մեզ:

Աղբյուրը՝ «Թումանյանը ժամանակակիցների հուշերում», Երևան, 1969, էջ 512-513:

Հիշեցնենք՝ այսօր հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում մեծ շուքով նշում է Մեծ Հայի՝ Կոմիտասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869, Քյութահիա - հոկտեմբերի 22, 1935Փարիզ, Ֆրանսիա) ծննդյան 150-ամյակը: