Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի դաշնային եւ նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին եւ Հյու Մաք-Դերմոթին, ովքեր Արցախում են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ եւ Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ:
Արցախի ԱԺ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը երախտիքի խոսք է հայտնել հյուրերին՝ Ավստրալիայի եւ Արցախի կապերի ինստիտուցիոնալացմանն ուղղված գործունեության եւ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին՝ հետեւողական եւ արդյունավետ աշխատանքի համար: Աշոտ Ղուլյանը, խոսելով Ավստրալիայի եւ Արցախի համագործակցության հեռանկարների մասին, անդրադարձել է սեպտեմբերի 24-ին «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ստեղծմանը: «Սա այն մեծ գործի շարունակությունն է, որ դուք սկսել եք օգոստոսի 1-ին՝ ձեւավորելով «Արցախի Ավստրալիացի բարեկամներ» խումբը»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը խոսել է հայ-ավսրալիական վաղեմի բարեկամության մասին հատկապես հայոց ցեղասպանության տարիներին: Խորհրդարանականը կարեւորել է ավստրալահայերի դերակատարությունը՝ այն համարելով մարդկային կամուրջ՝ երկու երկրների միջեւ:
Հյու Մաք-Դերմոթը եւս իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ եւս աջակցելու Արցախին: «Ժողովրդավարական այս երկիրը պետք է ապրի, եւ աշխարհը պետք է ճանաչի այն»,-նշել է խորհրդարանականը:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը հյուրերին է հանձնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ջոն Ալեքսանդրին շնորհված «Վաչագան Բարեպաշտ» եւ Հյու Մաք-Դերմոթին շնորհված «Երախտագիտություն» պետական պարգեւները:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը եւ ԱԺ պատգամավոր, «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի նախագահ Դավիթ Իշխանյանը:
Ավստրալիայի խորհրդարանականներն այնուհետեւ հանդիպել են «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամներին:
Ողջունելով հյուրերին՝ շրջանակի նախագահ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել այս տարիներին խորհրդարանականների կատարած աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս կքայլեն միասին՝ կիսելով համատեղ հաջողությունները:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է համագործակցության ուղղությունների ամրագրումը եւ պարբերական շփումների անհրաժեշտությունը: