կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-20 17:41
Հասարակություն

Ինչո՞ւ է քաղհասարակությունը խնայում իշխանություններին

Ինչո՞ւ է քաղհասարակությունը խնայում իշխանություններին

Քաղաքացիական հասարակությունը կաշկանդված է իշխանություններին քննադատելու հարցում. տեսակետ են հայտնում նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնց բնորոշմամբ՝  նույն այդ կազմակերպություններն իրենց քննադատում էին՝ քարը քարին չթողնելով:

«Հեղափոխությունից հետո կար այն ընկալումը, որ հասարակական կազմակերպությունները թուլացել են, որովհետև քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ անցան քաղաքական դաշտ»,- Yerkir.am-ին ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ու հավելեց. «Այն ժամանակ ընկալում կար, թե հասարակական կազմակերպությունների դերն ու ուշադրությունը թուլացել է, քանի որ ժողովրդի սիրելի իշխանությունն է եկել, և բոլորը խուսափում են քննադատություններից: Բայց կարծում եմ, որ հեղափոխական էյֆորիան անցել է, ու հասարակական կազմակերպություններն անցել են իրենց բնականոն աշխատանքին, կատարում են իրենց հիմնական՝  «պահապան շան» առաքելությունը»:

Իշխանության ներկայացուցիչը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, քննադատությունների պակաս չի զգում: Yerkir.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ գուցե մարդիկ շատ չեն հետևում ՀԿ-ների քննադատություններին, մանավանդ՝ հիմա,  երբ իրավապաշտպան նոր ՀԿ-ներ են ձևավորվել, որոնք քննադատում են ու անխնա են քննադատում, և եթե նախկին ՀԿ-ները քիչ են քննադատում կամ թույլ, ապա նորերն այդ բացը լրացնում ու բալանսի են բերում:

«Երբ պառլամենտը նոր էր ձևավորվել, ՀԿ-ների հետ մշտապես հանդիպումներ ենք ունեցել, որովհետև նրանց պետք էր հասկանալ, թե մեր թիմն ինչ ռազմավարությամբ է առաջ շարժվում: Այդ ժամանակ ՀԿ-ները 1-2 ամիս «թայմ աութ» էին վերցրել, ու նրանց գործունեությունը հիմնականում աջակցող էր: Բայց հիմա ասել, թե չեն քննադատում, համակարծիք չեմ: Դա առկա է ցանկացած ոլորտում՝ կադրային քաղաքակյանությունից մինչև ռազմավարության մշակում: Քաղհասարակությունը միշտ է ունեցել իր կարծիքը»,- վստահեցրեց Տիգրանյանը:

Անի Սամսոնյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ քաղհասարակության ներկայացուցիչները փոքր-ինչ կաշկանդված են որոշ դեպքերում պաշտոնյա դարձած իրենց գործընկերներին քննադատելու հարցում: Ըստ նրա՝ թեև բազմաթիվ հարթակներում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձում են բարձրաձայնել իրենց մտահոգությունների մասին, բայց այդ նույն հարթակներում խուսափում են հրապարակայնորեն քննադատել նախկին գործընկերների այս կամ այլ քայլը:

ԼՀԿ-ական պատգամավորի հետ համակարծիք չէ իմքայլականը: «Ի՞նչ կաշկանդման մասին է խոսքը: ՀԿ սեկտորը երբևէ որևէ բանով կաշկանդված չի եղել՝ արտահայտելու կարծիքը: Քաղհասարակության ներկայացուցիչների՝ օրենսդիրում կամ գործադիրում գտնվելն ընկերներին որևէ ձևով չի սահմանափակում քննադատել: Այդ նույն գործընկերների հետ մենք  կապի մեջ ենք ու գիտենք՝ ինչ են մտածում մեր վարած քաղաքականության ու գործելաոճի մասին»,- հավաստիացրեց Հերիքնազ Տիգրանյանը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ Yerkir.am-ին ասաց՝ քանի որ հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեության շնորհիվ էր նաև, որ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, ու նրանք կանգնած են հեղափոխության ակունքներում, հետևաբար՝ հաճախ իրենց թույլ չեն տալիս քննադատել գործող իշխանություններին:

Ըստ նրա՝ հիմնականում երկու թեմայով են ՀԿ ներկայացուցիչները պոռթկումներ ունենում: «Մեկը՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է, երբ կազմարեպությունները պարտադրում են իշխանություններին՝ չհապաղել ու վավերացնել, մյուսը՝ Ամուլսարը, երբ իշխանություններին հիշեցնում են, որ միասին են պայքարել հանքի շահագործման դեմ»,- նշեց Համբարյանը և հիշեցրեց, որ հասարակական սեկտորի շատ ՀԿ-ներ գործում են շնորհիվ ինչ-որ մեկից ստացած դրամաշնորհի, ավելի կոնկրետ՝ բոլորին հայտնի Սորոսի գրասենյակի:

Ի դեպ, այսօր այդ գրասենյակի առջև ՎԵՏՕ հասարակական կազմակերպությունը հերթական ակցիայի շրջանակներում բացել է Բաց հասարակություններ հիմնադրամի տնօրեն Ջորջ Սորոսի արձանը:

Թե իրականում ինչպիսի գործունեություն են ծավալում քաղհասարակության ներկայացուցիչներն այսօր, բավարար է հետևել նրանց հայտարարություններին ու գործունեությանը: Այսօր, օրինակ, լրատվամիջոցի տարածած տեղեկությունը, թե Վայոց ձորի մարզում մարզպետի ու մարզպետի օգնականի մասնակցությամբ ծեծի ենթարկված ՊՆ սպան կոմայի մեջ է, ինչը որոշակի դրվագներով հաստատել է նաև ՀՔԾ-ն, մինչ այս պահն անարձագանք է մնացել  իրավապաշտպան որևէ ՀԿ-ի կողմից: Ինչի՞ են սպասում քաղհասարակության «ակտիվիստները», ինչո՞ւ չեն քննադատում ու ի լուր եվրոպական արդարադատության «լսեցնում» Արևմուտքին, դժվար չէ կռահել: Որոշակի պայմանավորվածություններ, ամեն դեպքում, կան իշխանությունների հետ, հետևաբար՝ պետք է լռեն տեսածի, լսածի ու փաստերի մասին: