Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, եթե հասարակությունն ըմբոստանում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ` դուրս գալով փողոց, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես ինձ շատ ոչ բարոյական կհամարեի, եթե բոլոր քաղաքացիների անունից խոսեի: Իհարկե, իրավացի են քաղաքացիները, ես էլ եմ նրանց հետ հանդիպում, նրանք պահանջներ ունեն, և պետք չէ խոսել ամբողջ հայ ազգի անունից: Իհարկե, սոցիալապես անապահով ընտանիքների համար դա սոսկալի բեռ է, բայց հասկացող մարդիկ կան, որ ընդունում են՝ ապրանքն առանց արժեք չի լինում»:
Yerkir.am-ը հարցրեց, թե հնարավո՞ր է` ԱԺ-ն օրենք ընդունի, որ հոսանքի բարձրացումը կապվի կենսաապահովման նվազագույն զամբյուղի հետ, ինչպես դրա մասին մատնանշել էր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԱԺ նախագահը հարցրեց. «Այսինքն` ո՞նց անենք, բյուջեից դոտացիա տա՞նք»:
Լրագրողները արձագանքեցին, որ կարելի է նաև տարբերակված մոտեցում ցուցաբերել` «հարուստները հոսանքի համար ավելի շատ վճարեն, քան աղքատները»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այսօր շատ դժվար է հարուստ ու աղքատ որոնել: Ի միջի այլոց, հարուստն է բյուջեն կառուցում` տնտեսություն են ղեկավարում, զարգացնում»:
ԱԺ նախագահը վստահեցրեց, որ չկան այնպիսի գործիքներ, որոնց կիրառելու դեպքում հնարավոր լիներ չբարձրացնել հոսանքի գինը: Ըստ նրա` խնդիրներ կան, որոնք ամբողջ աշխարհին են ծնկի բերել: ԱԺ նախագահը թանկացումը բնական և օբյեկտիվ է համարում, որի հիմնական պատճառը դոլար-դրամ տատանումներն են:
Հարցին, թե իրենց ընտանեկան բյուջեի վրա այդ թանկացումները ինչպե՞ս կանդրադառնան, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ դա կանդրադառնա բոլոր ընտանիքների վրա: «Անկախ նրանից` թանկացավ, թե չթանկացավ, իմ ընտանիքում երեկոները մեկ սենյակի լույս է վառվում»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին` ուրեմն խնայո՞ւմ եք: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ, չեմ խնայում, պարզապես ափսոսում եմ»: