կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-11 14:29
Աշխարհ

ՄԱԿ-ը Եվրոպայի երկրներին հորդորել է ընդլայնել փախստականների երեխաների ուսման հնարավորությունները

ՄԱԿ-ը Եվրոպայի երկրներին հորդորել է ընդլայնել փախստականների երեխաների ուսման հնարավորությունները

Եվրոպայի երկրներում միգրանտների և փախստականների երեխաների՝ ուսում ստանալու հնարավորությունները պետք է ընդլայնվեն։ Այս մասին ասվում է Ժնևում չորեքշաբթի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության (ՓԳՀՎ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) համատեղ հայտարարությունում. հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրանք կոչ են արել եվրոպական երկրներին՝ ավելացնել ռեսուրսները և գործնական աջակցությունն իրենց դպրոցական համակարգերին՝ ապահովելով, որպեսզի փախստականների, ապաստան խնդրողների և միգրանտների բոլոր երեխաները կարողանան որակյալ կրթություն ստանալ:

Ներկայումս Եվրոպայի սահմաններից դուրս ծնված երեխաներն ու դեռահասները երկու անգամ ավելի քիչ ունեն դպրոցում ուսուցումն ավարտելու հնարավորություն, քան նրանց եվրոպացի հասակակիցները: Հիմնական դժվարություններից են ֆինանսական միջոցների անբավարարությունը, դպրոցներում տեղերի կամ ուսուցիչների պակասը, լեզվական պատնեշները, հոգեբանական աջակցության բացակայությունը։ Միևնույն ժամանակ, շատ դժվարություններ ունեն հատկապես 3-5 տարեկան երեխաներն ու 15 և ավելի տարիքի դեռահասները, քանի որ հաճախ նրանց վրա չի տարածվում պարտադիր միջնակարգ կրթության մասին ազգային օրենսդրությունը։

«Փախստականների երեխաների համար կրթությունը կենսականորեն կարևոր նշանակություն ունի: Որակյալ կրթությունը բարձրացնում է կենսական հնարավորությունները, հեշտացնում ինտեգրումը, շահավետ ճանապարհ բացում և՛ ուսում ստացողի, և՛ հասարակության համար»,- ասել է ՓԳՀՎ  եվրոպական գրասենյակի տնօրեն Պասկալ Մորոն։ 

ՓԳՀՎ-ն ՄՄԿ-ն և ՅՈւՆԻՍԵՖ-ը կարծում են, որ Եվրոպայի երկրները պետք է ընդլայնեն փախստականների և միգրանտների երեխաների՝ կրթություն ստանալու հնարավորությունները վաղ տարիքում և աջակցեն, որպեսզի նրանք ստանան լիակատար միջնակարգ կրթություն և պրոֆեսիոնալ մասնագիտացում։