կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-05 12:40
Հասարակություն

Երեւանում նշել են Բրազիլիայի անկախության 197-րդ տարեդարձը

Երեւանում նշել են Բրազիլիայի անկախության 197-րդ տարեդարձը

Երեւանում սեպտեմբերի 4-ին նշել են Բրազիլիայի անկախության 197-րդ տարեդարձը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում բրազիլական համայնքի անդամներ:

Իր ողջույնի խոսքում Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը նշել է երկրի զարգացման գործում հայերի մեծ ներդրումի մասին:

«Վերջերս Բրազիլիայի Կոնգրեսը վավերացրեց կրթության ոլորտում Բրազիլիայի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիրը, որը ուսանողներին եւ գիտնականներին թույլ կտա մասնակցել փոխանակման ծրագրերին, թույլ կտա կրթաթոշակներ տրամադրել եւ այլ ծրագրեր իրականացնել: Միանգամայն պատահաբար պարզվել է, որ ամերիկյան ամենախոշոր համալսարաններից մեկի՝ Սան Պաուլոյի համալսարանի ռեկտորը հայ է՝ Վահան Հակոբյանը»,- նշել է դեսպանը:

Նրա խոսքով՝ 2006 թվականի ի վեր, երբ Երեւանում բացվեց Բրազիլիայի դեսպանատունը, երկու երկրների հարաբերությունները շարունակաբար զարգանում են, ինչի արդյունք են կարեւոր ձեռքբերումները:

«Սակայն մենք դեռեւս պետք է աշխատենք երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ առեւտրային եւ տնտեսական կապերի խորացման ուղղությամբ»,- հավելել է դեսպանը:

Իր հերթին, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ հայ-բրազիլական հարաբերությունները երկար պատմություն ունեն, քան ընդունված է կարծել: Նա ընդգծել է, որ Բրազիլիան առաջին երկրներից է, որը ճանաչել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Նշենք, որ մինչ պաշտոնական ելույթները ներկայացվել են Հայաստանի եւ Բրազիլիայի զբոսաշրջային վայրերի մասին պատմող տեսանյութերը: