կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-05 10:16
Աշխարհ

ՄԱԿ-ը 1 մլն դոլար կհատկացնի «Դորիան» փոթորկից տուժած Բահամյան կղզիներին

ՄԱԿ-ը 1 մլն դոլար կհատկացնի «Դորիան» փոթորկից տուժած Բահամյան կղզիներին

ՄԱԿ-ը հատուկ արտակարգ ֆոնդից 1 մլն դոլար կհատկացնի Բահամյան կղզիներին, որոնք տուժել են «Դորիան» փոթորկից: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լուկոկը հայտնել է Բահամյան կղզիների ղեկավարության հետ հեռախոսային զրույցում. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Իմ տնօրինության տակ գտնվող արտակարգ ֆոնդից ես անմիջապես 1 մլն դոլար եմ հատկացրել»,- ասել է նա:

Լուկոկի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն արդեն դիմել է բոլոր երկրներին՝ կոչ անելով միջոցներ հատկացնել փոթորկից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: «Դեռևս դժվար է ասել, թե կոնկրետ որքան միջոց անհրաժեշտ կլինի: Այս պահին մենք կենտրոնացել ենք սնունդ հասցնելու և առանց տանիքի մնացած մարդկանց տեղավորելու հիմնահարցերի վրա: Այնուհետև կանցկացվի ավերածությունների չափերի գնահատումը»,- մանրամասնել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը պարզաբանել է, որ այս պահին հստակ չէ, թե կոնկրետ քանի մարդ է տուժել կամ զրկվել իր տնից: «Մենք մտավախություն ունենք, որ որոշ գյուղեր ամբողջությամբ ավերվել կամ ջրի տակ են անցել, որոնց հասնել առայժմ չենք կարողանում՝ աղետի ամբողջ ծավալը գնահատելու համար: Մեր գնահատմամբ՝ մոտ 70 հազար մարդ այս պահին անհապաղ օգնության կարիք ունի»,- նշել է նա:

Լուկոկն ասել է, որ Բահամյան կղզիներում իրավիճակը, որն իր աչքերով է տեսել, տխրեցնող է: «Ճանապարհները վերացել են, օդանավակայանների մեծ մասը չի գործում, ինչը մեծ խնդիրներ է ստեղծում տուժած շրջաններ պարենամթերք և խմելու ջուր հասցնելու համար: Որոշ վայրեր կարելի է հասնել միայն ուղղաթիռով, բայց ուղղաթիռների վերամբարձ հնարավորությունները սահմանափակ են: Ամբողջ պատմության մեջ Բահամյան կղզիներն այսպիսի բան չէին վերապրել»,- նշել է նա:

Նախնական տվյալներով՝ Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի զոհ է դարձել 20 մարդ, մոտ 13 հազար կառույց վնասվել է կամ ավերվել: Bloomberg-ի տեղեկություններով՝ Մեծ Բահամա կղզին, որտեղ բնակվում է մոտ 50 հազար մարդ, 70 տոկոսով ջրի տակ է անցել: Մեծ Բահամայի և Աբակոյի բոլոր նավահանգիստներն ու օդանավակայանները ջրածածկ են եղել կամ վնասված են, ինչն էլ ավելի է բարդացնում է մարդկանց տարհանումը:

Փոթորիկներին հետևող ԱՄՆ ազգային կենտրոնի տվյալներով՝  փոթորիկը Ֆլորիդայի ափերից հեռու է 180 կմ  և 2,5 մ/վ. արագությամբ սլանում է հյուսիսարևմտյան ուղղությամբ: Փոթորկի սահմաններում քամու արագությունը հասնում է 48,6 մ/վ.-ի: