կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-04 18:22
Քաղաքական

Ղեկավարներ կան, որ 10 տարուց ավելի գլխավորել են կառույցը, և դադարը օգուտ է. ԵԿՄ-ում «կադրային ջարդի» մասին (տեսանյութ)

Այսուհետ ԵԿՄ բաժանմունքների  նախագահները պետք է լինեն պատերազմի դաշտով  անցած մարդիկ. Սերգեյ Գասպարյանը պատերազմի դաշտով չի անցել. Yerkir.am-ի հետ հարցազրույցում  այսպես հիմնավորեց Կենտրոնի տարածքային բաժանմունքի նախագահի փոփոխությունը Ռոմիկ Մխիթարյանը, որին այդ պաշտոնում նշանակել են Սերգեյ Գասպարյանի փոխարեն:

Նա ասաց, որ Սասուն Միքայելյանը ոչ թե կադրային ջարդ է արել ԵԿՄ-ում, այլ, քանի որ համագումարից հետո այսպես, թե այնպես լինելու են ընտրություններ, մինչև ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ավարտը, վարչության նախագահը որոշում է կայացրել ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել: «Հիմա խնդիր դրված չէ, որ այս մեկին հանեցին, այն մեկն է նշանակված, հիմա ուղղակի պաշտոնակատարներ են նշանակվել, երբ ընտրությունների օրը գա, բաժանմունքի անդամներն իրենք են որոշելու՝ ով է լինելու իրենց նախագահը»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը:

Երբ է գալու ընտրությունների օրը, դեռ հայտնի չէ:

Սերգեյ Գասպարյանը ևս Yerkir.am-ին ասաց, որ խնդիր չի տեսնում. ինքն իսկապես ոչ թե 1988-ի Ազատամարտին, այլ ապրիլյան քառօրյային է մասնակցել, իսկ «նոր ղեկավարի թրի տակ ընկնելու» և «իր հետ յուրայիններին տանելու» մասին իմացել է մամուլից, բայց այդպիսի բան չկա:

Հների ու նորերի միջև բախում Ռոմիկ Մխիթարյանը չի տեսնում. «Ես հա՛մ հինն եմ, հա՛մ նորն եմ, հա՛մ հիմնադիրն եմ… Ես այդպիսի բախում չեմ տեսնում: Շատ նորմալ եմ համարում, քանի որ նախագահներ կան, որոնք 10 տարուց ավելի ղեկավարել են կառույցը, և այս դադարը, ընդհակառակը, ինչ-որ չափով օգուտ է, թարմ լիցքեր է բերում»:

Նա նաև Շենգավիթի տարածքային բաժանմունքի հիմնադիրն է, բայց այդ կառույցը ղեկավարել է մինչև 2001 թ.-ը, հետո եղել է ԵԿՄ վարչության անդամ, վարչության նախագահի խորհրդական, ապա ԵԿՄ քաղաքային բաժանմունքի նախագահ և Կենտրոնի տարածքային բաժանմունք տեղափոխվելու շահարկումներն արդարացված չի համարում: Սերգեյ Գասպարյանի մասին էլ ասում է. «Հոյակապ անձնավորություն է»:

Ռոմիկ Մխիթարյանը համարում է, որ ԵԿՄ-ում «արշալույսները խաղաղ են», ինքը՝ որպես Կենտրոնի տարածքային բաժանմունքի նախագահի ժամանավոր պաշտոնակատար, բազմաթիվ ծրագրեր ունի: «Այստեղ ամենահին ջոկատների անդամ տղաներ են՝ լուրջ էն «կաստյակը», այլ ջոկատներից էլ տղերք կան: Իմ ամենաառաջին խնդիրը եղել է այդ տղաներին, որոնք տարիների ընթացքում պասիվացել են, ակտիվացնել, բերել, որպեսզի միասին նստենք՝ ցանկացած խնդիր քննարկենք, հաղթահարենք: Ամենակարևոր խնդիրը, իհարկե, մատաղ սենդի դաստիակությունն է՝ պատանի երկրապահներն են»,- ասում է նա:

Ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ ևս Ռոմիկ Մխիթարյանը մտադիր է քայլեր կատարել: Նրանց համար աշխատատեղեր գտնելու և այլ հարցեր քննարկելու է տեղական իշխանությունների, գործարարների հետ:

Ռոմիկ Մխիթարյանը խոսեց նաև Մանվել Գրիգորյանի մասին. մանրամասները՝ տեսանյութում: