կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-03 17:10
Հասարակություն

Ներքին Կարմիրաղբյուրում լուսավորության ինքնաշեն լուծումներին կփոխարինի LED համակարգը

Ներքին Կարմիրաղբյուրում լուսավորության ինքնաշեն լուծումներին կփոխարինի LED համակարգը

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ուղիղ գծով 700 մետր հեռավորություն և շուրջ 10 կմ երկարությամբ շփման հատված ունի հարևան երկրի հետ: Հակառակորդի կողմից թիրախավորվելու առումով՝ ամենառմբակոծված գյուղերից է հանրապետությունում: Սրանք Տավուշի մարզի՝ համայնքների մասին ներկայացված պաշտոնական տվյալներից են:

Գյուղի առաջնային խնդիրներից է արտաքին լուսավորությունը: Մեկ տարի առաջ սեփական ուժերով փորձել են լուծել այն: Ֆինանսական միջոցներով պայմանավորված՝ խնդիրը լուծվել է մասամբ. ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է, այլ այնպես, ինչպես հնարավոր է եղել: Գործի է դրվել հնարամտությունը՝ հակառակորդի անկանխատեսելի վարքագծից խուսափելու համար: Տարբեր նպատակի ծառայող փայտյա հին սյուներին ամրացվել են լուսատուներ: Իսկ դրանք անձրևաջրերից պաշտպանելու համար, որպես պաշտպանիչ կաղապար, օգտագործվել են ըմպելիքների համար նախատեսված՝ պլաստմասսայից տարաները: Գյուղի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը համոզված է, որ լուսավորության խնդրի լուծման դեպքում հակառակորդը չի համարձակվի ակտիվություն դրսևորել կամ հետախուզության փորձ անել:

Գյուղի «ինքնաշեն» լուսավորությունը շուտով կփոխարինվի LED համակարգով: Այդ հարցում երիտասարդ վարչական ղեկավարին և գյուղին աջակցելու պատրաստակամություն են հայտնել մարզերում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները: Ներքին Կարմիրաղբյուրն հայտնվել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Բնակչության թվի աճ արձանագրող գյուղի համար նման աջակցությունը կարևոր է:

«Երբ ծրագիրն իրականացվի, և գյուղը լուսավորվի մինչև գիշերվա 3-ը, հակառակորդը չի համարձակվի մտածել հետախուզության մասին: Մենք փորձել ենք խնդիրը լուծել, սակայն դա արել ենք մեր հնարավորության սահմաններում: Նման աջակցությունը շատ կարևոր է մեզ համար: Գյուղացուն պետք են խաղաղություն, աշխատանք և ուշադրություն՝ անտեսված չզգալու համար»,-ասել է գյուղի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը:

Ընթացիկ տարում Ներքին Կարմիրաղբյուրի արտաքին լուսավորության խնդիրը կլուծվի: 900 բնակիչ ունեցող գյուղն ունի ժողովրդագրական հուսադրող ցուցանիշ: Տեղի դպրոց է հաճախում 76 աշակերտ, իսկ մանկապարտեզ՝ 42 սան: