Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված որևէ զարգացում չկա, պատային իրավիճակ է։ Այս մասին այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։
«Իրավիճակն այսպիսին է` Քոչարյանն անազատության մեջ է, սակայն չկա որևէ դատարան, որը կարող է ազատել–չազատելու վերաբերյալ որոշում ընդունել, - ասաց նա ու շարունակեց,- Վերաքննիչ դատարանի որոշումից հետո հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ գործը նոր է ուղարկված դատարան, երբ դատարանը 15-օրյա ժամկետում պարտավոր է որոշում ընդունել օրինակ՝ դատական քննություն նշանակելու, գործը կարճելու, կասեցնելու և այլ որոշում ընդունելու վերաբերյալ, բայց մենք չունենք այդ որոշումներից ոչ մեկը: Այսինքն՝ Դավիթ Գրիգորյանը կայացրել էր որոշում, որը բեկանվել է, Վերաքննիչը պահանջել էր, որպեսզի առաջին ատյանի դատարանը գործը շարունակեր կասեցման պահից, որտեղից վերացվել էր ու արդեն համարյա 1.5 ամիս է, ինչ որևէ զարգացում, որևէ պրոցես տեղի չի ունենում, ինչն ակնհայտորեն և՛ Սահմանադրության, և՛ ՄԻԵԴ-ի, և՛ ՄԱԿ-ի քաղաքական և քաղաքացիական իրավունքների դաշնագրով նախատեսված իրավունքների կոպիտ խախտում է»:
Պաշտպանի պնդմամբ` անձը չի կարող անորոշ ժամկետով գտնվել անազատության մեջ առանց որևէ դատական վերահսկողության հնարավորության. «Մենք բազմիցս ներկայացրել ենք միջնորդություններ, ներկայացված է գրավի միջնորդություն, այդ թվում նաև մի շարք այլ հանգամանքների մատնանշմամբ, բայց որևէ կերպ այդ որոշումներին անդրադարձ չի կատարվել: Խնդիրը դրված չէ, թե ով է մեղավոր, էական չէ, էականն այն է, որ պետությունն է մեղավոր: Եթե նույնիսկ պատճառը օրենքի բացն է, ընթացակարգերի բացակայությունն է, ինչի հետ, ի դեպ, մենք համաձայն չենք, միևնույն է, սա նշանակում է, որ պետությունը՝ ի դեմս իրավապահ համակարգի, խախտում է անձի իրավունքները»,- մանրամասնեց նա:
Օրբելյանի համոզմամբ` այսօր պետությունը Ռոբերտ Քոչարյանին չի տալիս դատական գործուն համակարգ իր իրավունքների պաշտպանության համար: Այսինքն, ըստ փաստաբանի, ոչ թե կա որոշում, որի հետ իրենք համաձայն չեն, այլ ընդհանրապես գործընթաց չի գնում։ «Վճռաբեկը տվյալ դեպքում պետք է հանդես գա ոչ թե վերամբարձ դիրքերից, այլ պետք է շատ արագ վարույթ ընդունի ու քննի մեր բողոքը, որովհետև հակառակ դեպքում նշանակում է, որ վերաքննիչ դատարանի կողմից կայացված կալանքի որոշման պահից անձը զրկվում է բողոքարկելու իրավունքից»,- նկատեց նա` ուշադրություն հրավիրելով գործի զարգացումների բացակայության վրա:
Շարունակելով Օրբելյանի խոսքը սահմանադրագետ Արա Վարդևանյանը նշեց, թե ինչը կարող է այդ ամենի պատճառը լինել։ Բանախոսի վստահեցմամբ, քանի որ Սահմանադրական դատարանը գործը կասեցրել է, իսկ Վճռաբեկն էլ դրա` կասեցված լինելու օրինականությունն է պարզում, կարող է գործել կասեցված վարույթի կանխավարկածը։ Հենց այս դեպքում էլ որևէ դատավարական գործողություն չի կարող լինել։ «Եթե պարզվի` սա է պատճառը, որ որևէ շարժ չկա Քոչարյանի գործում, ապա նման պարագայում Քոչարյանին չպետք է կալանավորեին։ Կասեցված վարույթը բացառում է կալանավորումը»,– բացատրեց նա:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշել էր բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և Քոչարյանը կալանավորվել էր, հետևաբար քրեական գործի քննությունը պետք է շարունակվեր ընդհանուր իրավասության դատարանում։ Սակայն դրանից հետո այս գործով որևէ գործընթաց չի սկսվել և հայտնի չէ՝ որ դատավորի վարույթում է քննվելու այն։ Այս գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են։
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի մասնակցությամբ ընթացք չի տալիս այս քրեական գործին։ Այն պաշտոնատար անձինք, ում պարտականությունների շրջանակում է ապահովել գործի բնականոն քննությունը, թերացել են իրենց լիազորություններում, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ», - իր հերթին հայտարարեց պաշտպանական խմբի մյուս անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։