կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-07 13:13
Արցախ

«Բնապահպանի տուն» նախաձեռնությունն ահազանգում է Արցախի անտառների օրհասական վիճակի մասին

«Բնապահպանի տուն» նախաձեռնությունն ահազանգում է Արցախի անտառների օրհասական վիճակի մասին

«Բնապահպանի տուն» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ահազանգելով Արցախի անտառների օրհասական վիճակի մասին:

«Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին։
Ավելի ճիշտ սա ոչ թե նամակ է, այլ դեպի նոր կառավարությանը ուղղված վերջին հույսի ձայն, մեր երկրի ժողովրդի մտածելու ընդունակ մասից պահանջ։ Ավելի քան համոզված եմ, որ սրա տակ կստորագրեն հարյուր հազարից ավելի հայեր։
Որպեսզի միտքը պարզ լինի, կգամ մի քիչ հեռվից՝ երկու տարի առաջվանից, երբ դեռ հեղափոխություն չէր եղել ու դրա հոտն անգամ չէր գալիս։ Մենք՝ մեր թիմով մեզ վրա վերցրեցինք Տավուշի մարզի, մեծամասամբ Դիլիջանի տարածքի ծառագողերի ու որսագողերի դեմ պայքարը։ Առաջին իսկ բացահայտած դեպքը հենց արյուն կաթացնելով գնացող վիլիսի բացահայտումն էր, որը կարողացավ համոզել համապատասխան մարմիններին, որ քաղաքում կով էր մորթել ու հենց ամբողջ ջանդակը հանում էր սարը՝ խորոված անելու։ Այնինչ պարզ երևում էր, որ դա կով չէր։ Հենց սկզբից էլ հասկացանք որ մեր կռիվը ոչ միայն ծառագողերի ու որսագողերի դեմ է, այլ նաև կովը եղնիկից, քամու տապալած ծառը քաշած-կոտրածից տարբերել չցանկացող պատկան մարմինների։ Դրան հաջորդեցին ցեխի ու անձրևի, քամու ու ձյան մեջ անցած երկու տարիներ, որտեղ մեզ վրա հարձակվեցին, խմբակային ծեծեցին, հիմարության աստիճանի հասնող մեղադրանքներ արեցին։ Մենք կուլ տվեցինք բոլոր վիրավորանքները, մնացինք անտառում, վտանգված ու պետական մակարդակով ոչ մի կերպ չպաշտպանված։ Հետո եղավ հեղափոխություն։ Մենք էլ հայ ազգի մեծ մասի նման՝ լավատեսական ու փայփլուն աչքերով նայում էինք Նիկոլին։ Ճիշտն ասած դեռ հույսեր ունենք ապագայի հետ կապված, բայց ․․․, կարևոր չի։ Հենց այս պահին Դիլիջանի տարածքից շատ տեղացիներ հենց մեզանից զգուշանալով են անտառից հեռու պահում իրենց ձեռքերը, որովհետև, ինչպես իրենք են ասում՝ մենք նկարում ենք ու գործ ենք տալիս։ Եվ դա արել ենք հիմնականում վեցից տաս հոգանոց խմբի ջանքերով ու փոքրիկ բյուջեով։ Բայց եթե իմանայինք, թե ինչ հետևանքներ կունենա այս ամենը, հենց ամենասկզբից էլ կթքեինք այս նախագծի վրա ու երբեք չէինք սկսի այն։ 
Բանը նրանում է, որ Տավուշի անտառները փրկելու փորձ անելով և կարող եմ ասել, որ նաև այն մեծամասամբ հաջողելով, մենք վտանգեցինք մեր հայրենիքի ամենասուրբ մասի անտառները՝ Արցախի անտառները՝ վայրի, դեռևս մարդու կողմից չպղծված, հրաշք բնությունը։ Դեռ անցած տարվանից սկսած նկատում էինք, որ ծանր տեխնիկան ու ամենաանխիղճ, անհասկացող, ամենահաստաճակատ ծառագողերը անհետանում են մեր աչքի տակ եղած տարածքներից։ Այդ պահին դեռ չգիտեինք թե ուր են գնում։ Հիմա դա արդեն պարզ է։ Այստեղից հարյուրավոր մեքենաներ, դռուժբաներ, դռուժբիստներ մտել են Արցախ ու այնտեղի բարձիթողության հետևանքով ոչ թե կտրում են անտառը, այլ, կներեք ճիշտ խոսքերի համար՝ մաման լացացնում են։ Հաշվի առնելով, որ նրանցից ամեն երկրորդը նաև ինքնակոչ որսորդ է ու զենք ունի, ապա պատկերացրեք թե հիմա այնտեղ ինչ է կատարվում։ Միայն վերջին երկու օրերի ընթացքում, մեր կողմից կազմակերպված թիմը երկու օր շարունակ, օրական հինգ-վեց ժամ հսկել է Սոթքից Երևան գնացող ճանապարհը Վարդենիկ գյուղին մոտ մասում և ամեն օր ֆիքսել էլ 30-40 մեծ բեռնատար՝ ամբողջովին կտրված ծառերով բարձված։ Նման մեքենաների մեջ միջինում տեղավորվում է 20 կուբամետր ցախ։ Այսինքն միայն մեկ օրվա ընթացքում Արցախում կտրվում է մինիմում 600 կուբամետր անտառ։ Սրանք ամենաքիչ ու ամենալավատեսական հաշվարկներն են։ Ու մենք թքած ունենք, որ սա կատարվում է օրինական մուծումներով ու համապատասխան փաստաթղթերով։ Նույն կերպ օրինական ու համաձայն հրամանների ու փաստաթղթերի կոտորում էին հայերին Էրզրումում, Մուշում և այլն։ Եվ այո, պետք է համեմատել ծառը մարդու հետ, որովհետև Արցախ աշխարհի ամենամեծ հարստությունը այնտեղի բնությունն է և մարդկանց ապագան անմիջականորեն կապված է հենց ծառերի հետ։
Հարգելի Վարչապետ, մենք ավելի քան համոզված ենք, Դուք տեղյակ եք այս ամենից։ Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք Ձեզ տեր կանգնել մեր երկրի ամենասուրբ հատվածին, որին մի ամբողջ երկու սերունդ է կյանք տվել, որի համար իմ հորեղբայրների ու եղբայրների, քույրերի արյունն է թափել, իմ հայրն է իր կյանքից տաս տարի նվիրել։ Այդ մի կտոր հողի համար պատրաստ եմ կռվել նաև ես ու իմ բոլոր ընկերները նույնպես կկանգնեն կողքիս։ Այս թալանը, այս գողությունը ես նույնպես համարում եմ պատերազմ, քանի որ տասնյակ տարիներ շարունակ գողությանը սովոր ու իբր թե <«տուն պահող» ծառագողերն արդեն մի ստվար խմբով տեղափոխվել են այնտեղ։ Ես կասեի, որ նրանք նման են մի որդի, որոնք միջից կրծում են մեր հայրենիքը ու եթե այս երկիրը փտեցնեն ու վերջացնեն, վերջում էլ կասեն, որ երկիրը երկիր չի ու ուրիշ խնձոր ման կգան՝ նորից կրծելու ու «տուն պահելու» համար։ Նրանց նմանները երբեք ու երբեք չեն անցնելու արդար ու դժվար աշխատանքին, որովհետև ոչ սովորել են, ոչ էլ ցանկանում են սովորել ուրիշ բան անել։ Ուղղակի խնդրում ենք՝ կանգնացրեք այս հիմարությունը։ Մենք գիտենք, որ իրավական տեսանկյունից Դուք իրավունք չունեք հրամայել Արցախում, բայց այդ ծառերը կտրվում են հենց Հայաստան գալու համար ու գալիս են հենց Հայաստանի ճանապարհներով։ Ուղղակի փակել տվեք Սոթքից իջնող մայրուղին և պատժեք Սյունիքի՝ կոնկրետ Կապանի տարածքում գործող ու հին ռեժիմից մնացած կաշառակեր ու բնավեր պաշտոնյաներին ու իրենց կամակատար ստրուկներին, քանի որ նրանք էլ են հենց Արցախի կողմից փայտ բերում Հայաստան։ Վերը թվարկված բոլորի անուններն էլ մենք գիտենք ու գիտեն շատ ուրիշ մարդիկ։ Դուք ուղղակի հարցրեք ու վերջում էլ ճշտեք այդ ինֆորմացիան՝ եթե մեզ չեք հավատում։
Եթե Դուք ձեռնամուխ չլինեք այս կատարյալ քաոսը վերացնելուն, ապա ընդամենը երկու տարի հետո Հայաստանի փայտի՝ վառելանյութի ու շինափայտի պահանջը Արցախում ոչ մի անտառ չի թողնի։ 
Վերջին անգամ ենք խնդրում ու պահանջում չանտեսել այս նամակը։ Մենք սովոր ենք ինքներս կռվել ծառագողության դեմ և մինչ այժմ չենք պարտվել անգամ այն խելառ խմբերին, որոնց դեմ մի ամբողջ ոստիկանություն մի պահ երերաց ու զարմացավ։ Ձեր կողմից անտարբերության արժանանալու դեպքում մենք ինքներս նորից գործի կանցնենք ու հետևանքների համար, անտարբերության պատճառով պատասխան եք տալու հենց Դուք Ձեր թիմով։ Մենք շանտաժի և ուլտիմատումի լեզվով չենք խոսում ու դեռ հավատում ենք, որ Դուք անելու եք այն՝ ինչ խոստացել էիք։ Սպասում ենք։

Հույսերով լի՝
«Բնապահպանի Տուն» նախաձեռնության ղեկավար
Գոռ Հովհաննիսյան»: