կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 19:16
Հասարակություն

«Նվիրակ» մշակութային հիմնադրամի «Միասին կյանք տանք մեր մշակույթին» նախաձեռնությունն ազդարարել է իր գործունեության մեկնարկի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, մեկնարկեց «Նվիրակ» մշակութային հիմնադրամի «Միասին կյանք տանք մեր մշակույթին» նախաձեռնությունը։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ «Նվիրակ»-ը սկսում է հայ մշակույթի բոլոր ճյուղերին ուղղված նախագծերի շարքը, որոնք միտված են հայ ազգային, դասական արվեստի հանրահռչակմանը։

Օրվա ընտրությունը պատահական չէր՝ հիմնադիր Թագուհի Ղազարյանը հանդես եկավ ուղերձով, կոչ անելով բոլորին համախմբվել այս գաղափարի կյանքի կոչման առաքելությանը, նշելով, որ անկախությունը սկսվում է անկախ հոգուց, անկախ մտքից, անկախ էությունից և հզոր ոգուց։ Իսկ ոգին ամրապնդողը մշակույթն է, որով էլ հենց ազգերը տարբերակվում են իրարից։

Նախաձեռնության մեկնարկի համար նկարահանվել է նաև «Միասին կյանք տանք մեր մշակույթին» տեսանյութը, որտեղ նկարահանվել են ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Արթուր Կարապետյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Ամալյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի՝ Լուիզա Ղամբարյանը, դերասանուհի Մարջան Ավետիսյանը, Դավիթ Ամալյանը, օպերային երգիչ Գուրգեն Բավեյանը, մնջախաղի վարպետ Հայկ Իսրայելյանը, երգիչ Մավր Մկրտչյանը:

Տեսանյութի առաջին դիտումը տեղի էր ունեցել հիմնադրամի սեպտեմբերի 7-ին կայացած կոնֆերանսի ընթացքում, որտեղ մշակույթի մոտ երեսուն գործիչներ համախմբվել էին ծրագրերի քննարկման համար։

«Նվիրակ»-ը նոր որակ է մշակութային կյանքում, որը որպես անկախ կառույց, չունենալով քաղաքական պատկանելություն, համախմբելու է մշակութասեր հասարակությանը և հաջողելու հենց աշխարհասփյուռ հայության ներդրումների շնորհիվ։

Շուտով կմեկնարկի նաև «Նվիրակ»-ի չելենջը, որին կմիանան մարդիկ հնարավոր բոլոր ոլորտներից։

Ճշմարիտ ու ազնվական արվեստի դերը անգնահատելի է մարդու էության և կենսակերպի դաստիարակման գործում։