Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության տեսչության պետին ձերբակալելու կապակցությամբ որոշակի փաստեր կան, որոնցով համապատասխան քննչական խումբն է զբաղվում, եւ այս պահին ոչ մի բան հնարավոր չէ ասել. լրագրողներին այսօր ասաց բնապահպաության նախարար Արամայիս Գրիգորյանը` անդրադառնալով տեսչության պետի ձերբակալությանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե, այսինքն, այդ չարաշահումներն իր նախարարության օրո՞ք չեն եղել, ինչին Գրիգորյանը պատասխանեց, որ, այնուամենայնիվ, ինքը կարծում է, որ դրանք հին գործեր են:
«Եղել է արագ արձագանքման խումբ, ես նախարար նշանակվելուց հետո այդ աշխատանքից ազատել եմ այդ մարդկանց, իմ որոշումով ցրել եմ այդ խումբը, եւ հիմնականում, խնդիրը, երեւի, կապված է նաեւ դրա հետ: Բայց չեմ ուզում որեւէ կոնկրետ բան ասել, որովհետեւ լիովին ինֆորմացված չեմ: Առաջիկայում, հուսով եմ, իրավապահ մարմիները ձեզ կներկայացնեն մանրամասները»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:
Իսկ թե ինչո՞ւ է նախարարը ցրել այդ արագ արձագանքման խումբը, Գրիգորյանը պատասխանեց, որ ավելորդ է համարել այդ խմբի գործունեությունը, որովհետեւ եթե կար տեսչություն, ապա դրանում արագ արձագանքման խմբի իմաստը չկար:
«Ես, որեւէ մեկի հետ կապված, ոչինչ ասել չեմ կարող: Եղել է տեսչություն եւ չեմ ուզել, որ տեսչության մեջ մի առանձին խումբ լինի»,- նշեց նախարարը:
Լրագրողների հարցին, թե, այնուամենայնիվ, ձերբակալվողը բնապահպանության նախարարության աշխատակից է, ու արդյո՞ք սա բիծ չէ՞ նախարարության համար, Արամայիս Գրիգորյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր ոլորտում էլ կան թերություններ, բայց բոլորը պետք է աշխատեն թափանցիկ, նորմալ, արդար, մաքուր, իսկ ինքը որեւէ աշխատակցի չի կարող մեղադրել կամ արդարացնել, քանի որ քննչական մարմիններն աշխատանքներ են իրականացնում ու այդ աշխատանքներն ավարտելուց հետո մանրամասներ կներկայացնեն, եւ այդ ժամանակ պարզ կլինի, թե ով, ինչպես կամ ինչ չափով է մեղավոր կամ արդար:
Անդրադառնալով ամբողջ տեսչության աշխատանքին` բնապահպանության նախարարը նշեց, որ հիմա կանոնակարգման աշխատանքներ են իրականացվում, կան որոշակի բացեր ու թերություններ, որոնք պետք է լրացնել:
«Տեսչության բոլոր աշխատողները քաղծառայողներ են, եւ մենք ունենք մասնագիտական որոշակի խնդիրներ' մասնագետների առումով, եւ առաջիկայում, բնականաբար, պետք է համալրենք կազմը, որպեսզի ավելի լավ աշխատի համակարգը»,- նշեց նախարարը: