կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-06 16:23
Հասարակություն

Վայոց Ձորի մարզպետը ժողովրդավարության փաստացի հալածանք է իրականացնում. ՀԲՃ

Վայոց Ձորի մարզպետը ժողովրդավարության փաստացի հալածանք է իրականացնում. ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն Վայոց Ձորի մարզպետի կողմից «ժողովրդավարության փաստացի հալածանք» իրականացնելու առնչությամբ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի ՀԿ անդամներ, ակտիվ քաղաքացիներ, ընկերներ,

գրում ենք ձեզ մեծ վրդովմունքով, որն առաջացրել է Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի գործողությունն ընդդեմ Գլաձոր համայնքի ավագանու։ Նա, ի պաշտոնե, դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ Գլաձոր համայնքի ավագանու՝ պահանջելով դատարանի ուժով անվավեր ճանաչել սույն թվականի ապրիլի 29-ին համայնքի փաստացի բնակչության ճնշող մեծամասնության (2000 հոգուց ավելիի) կողմից ստորագրված հանրագրի հիման վրա ընդունված որոշումը, այն է՝ հավանություն տալ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» առաջարկությանը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ Հետքի հոդվածում։

Շեշտենք, որ սրան նախորդել է Տարածքային կառավարման նախարարության գրագրությունը մարզպետարանին՝ կապված ոչ միայն Գլաձորի, այլև մյուս համայնքների հետ, որտեղ նմանատիպ հանրագրեր են կազմակերպել, որպեսզի մարզպետարանը ավագանիներին հորդորի անվավեր ճանաչել, այնուհետև դիմի դատարան։ Այսինքն, այս ցուցումը գալիս է ուղիղ Տարածքայինի նախարարությունից և գործի է դրվել միայն Գլաձորի դեպքում։

Ամեն դեպքում, իր հայցում մարզպետարանը ոչ մի կերպ չի հիմնավորել, թե ինչպես է ստացվում, որ հանրագրին հավանություն տալու խնդիրը, ըստ իրենց, դուրս է համայնքի ղեկավարի ու ավագանու իրավասություններից։ Դատարանը հետ է վերադարձրել հայցադիմումը հենց այս պատճառով, որ չկա հիմնավորում, որ Վայոց Ձորի մարզպետարանին է պատկանում ՀՀ ընդերքի հետ կապված քաղաքականությամբ զբաղվելու իրավասությունը։ Մանրամասները՝ այստեղ։

Անկախ դատարանի դիրքորոշումից՝ մարզպետի կողմից նման գործողությունը ուղիղ ժողովրդավարության փաստացի հալածանք է։ Կարծում ենք կարիք չկա նկարագրելու, թե ինչ մեծ ժողովրդավարական ջանք է ոչ միայն նման մասշտաբի հանրագրի կազմումը, այլև այն վճռականությունը, որով Հայաստանի բնակչությունը սկսել է տեր կանգնել իր իրավունքներին, իր տարածքներին, ի վերջո՝ իր հողին ու ջրին։ Գլաձորի համայնքի պայքարը վաղուցվա պայքար է, մարդիկ Սերժի օրոք դիմադրել են ոստիկանապետի հովանավորությունը վայելողների ընկերությանը, ենթարկվել հակասահմանադրական դատական որոշումների հալածանքի (պայքարի մասին մանրամասները՝ այս տեսանյութում )։

Խնդրում ենք առաջարկեք, թե ինչ կարելի է անել ուղիղ ժողովրդավարությունը այս ու նմանատիպ հալածանքներից պաշտպանելու համար, մանավանդ հիմա, երբ Հայաստանի դատական մարմինների նկատմամբ չկա հանրային վստահություն։ Ավելին, մինչ օրս, հանքարդյունաբերության հետ կապված գործընթացներում հանրային շահին օգուտ տվող գործողությունները եղել են բացառապես ուղիղ ժողովրդավարական, իսկ դատական գործընթացները՝ հակառակը, պաշտպանել են հանքահենների իրավունքները։ Վառ օրինակը՝ Ամուլսարի համար պայքարը, երբ խնդիրը ժամանակավորապես լուծել են տեղի համայնքները, իսկ դատարաններում քննվող հայցերը կամ ձգձվում են, կամ հօգուտ Լիդիանի են եղել և ընդդեմ պետության։ Ի դեպ, միջավայրի վրա ազդող քաղաքականության կապակցությամբ հանրության մասնակցության իրավունքը ամրագրված է Օրհուսի կոնվենցիայով, որը հստակ սահմանում է, որ իր դիրքորոշումը համայանքները կարող են արտահայտվել հանրագրերի, հանրաքվեների միջոցով, այլ միջոցների թվում։

Խնդրում ենք օգնեք Վայոց Ձորի մարզպետարանի կողմից ժողովրդավարությանը հարվածելու այս հարցը բարձրաձայնելու և լուծումներ տալու հարցում։ Որպես հանրային գործողության տարբերակներ, կարող եք՝

ա․ հրապարակային կամ ոչ հրապարակային դիմել Վայոց Ձորի մարզպետին, պատճենելով ՏԿ նախարարությանը, որ նոր հայց չփորձի ներկայացնել դատարան

բ․ հանրայնացնել խնդրի քաղաքական ու տնտեսական կողմը, մարդու իրավունքների գերակայությունը և ընդհանրապես իրավունքի մեկնաբանումը հօգուտ մարդկանց, ոչ թե բիզնես սպասարկող տնտեսվարման

գ․ բարձրացնել հարցը ավելի բարձր՝ կառավարության մակարդակի և հիշեցնել, որ հեղափոխական հարթակից ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էր խոսում բոլոր հարցերի շուրջ հանրագրերի, հանրաքվեների ու ուղիղ ժողովրդավարության այլ ձևաչափերի ակտիվացման մասին։

Եթե կոլեկտիվ նամակ կուզեք կազմել, մենք պատրաստ ենք միասին դա անելուն»։