Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
2024 թվականի սեպտեմբերի սկզբից, Իրան-Իսրայել հարաբերություններում տեղի են ունեցել զգալի սրացումներ, որոնք արտահայտվում են ինչպես ուղղակի, այնպես էլ միջնորդավորված հակամարտությունների միջոցով: Այս փոփոխությունները միտված են տարածաշրջանային անվտանգության համակարգի շուրջ աճող լարվածությանը, որը կարող է ունենալ գլոբալ հետևանքներ:
Տարվա սկզբից ի վեր Իսրայելը մի քանի օդային հարձակումներ է իրականացրել Սիրիայում և Լիբանանում՝ թիրախավորելով Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարներին և նրանց դաշնակիցներին: Իրանի պատասխան քայլերը ներառել են հրթիռային հարձակումներ և աջակցություն տարածաշրջանում գործող տարբեր զինյալ խմբավորումներին՝ ինչպիսիք են Հեզբոլլահը և Համասը: Հատկապես Հեզբոլլահը ակտիվորեն հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային հատվածներին, իսկ իսրայելական ուժերը շարունակել են իրենց գործողությունները Լիբանանում և Գազայի հատվածում։
Այս հակամարտությունը շարունակում է վտանգել տարածաշրջանային անվտանգությունը, և կա հնարավորություն, որ այլ երկրներ նույնպես ներգրավվեն, եթե զինյալ խմբերը շարունակեն սրել իրավիճակը:
Իրան-Իսրայել հակամարտության հիմնական դրդապատճառները խորը արմատավորված են քաղաքական, գաղափարական և աշխարհաքաղաքական հարցերում։
Իրանի Իսրայելի նկատմամբ գաղափարական հակադրությունը թերևս առաջնահերթ և կարևորագույն գործոններից է երկու երկրների տասնամյակներ շարունակվող թշնամանքի։ Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը որդեգրեց խիստ հակաիսրայելական դիրքորոշում՝ Իսրայելը համարելով «սիոնիստական ռեժիմ», որը պետք է ոչնչացվի։ Իրանի իսլամական գաղափարախոսությունը Իսրայելի գոյությունը դիտարկում է որպես սպառնալիք իսլամական աշխարհի համար, և այս գաղափարախոսությունը դարձել է Իրանի արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչը։
Քաղաքական դրդապատճառներից է Իրանի միջուկային ծրագիրը: Իսրայելը մշտապես դեմ է եղել Իրանի միջուկային ծրագրին՝ այն համարելով անմիջական սպառնալիք իր ազգային անվտանգությանը։ Իսրայելը բազմիցս իրականացրել է հարձակումներ Իրանի միջուկային օբյեկտների վրա՝ փորձելով կանխել Իրանի միջուկային զենքի ստեղծումը։ Իր հերթին, Իրանն իր միջուկային ծրագիրը համարում է խաղաղ և տնտեսական շահերով առաջնորդված, սակայն այն դարձել է միջազգային հակամարտության պատճառներից մեկը։
Աշխարհաքաղաքական գործոններից է տարածաշրջանային ազդեցության պայքարը: Իրանը ձգտում է իր ազդեցությունը մեծացնել Մերձավոր Արևելքում՝ աջակցելով «Դիմադրության առանցքին», որը ներառում է զինյալ խմբեր, ինչպիսիք են Հեզբոլլահը, Համասը, հութիները և այլք։ Իսրայելը, տեսնելով այս խմբերի գործունեությունը որպես իր անվտանգության ուղղակի սպառնալիք, մի շարք ռազմական գործողություններ է իրականացրել այս խմբերի դեմ՝ ներառյալ Սիրիայում, Լիբանանում և Գազայում։
Իրանի աջակցությամբ գործող խմբավորումները, մասնավորապես Հեզբոլլահը և Համասը, ակտիվացրել են իրենց ռազմական գործողությունները Իսրայելի դեմ: Հեզբոլլահի օդային հարձակումներն ու հրթիռային հարձակումները Իսրայելի հյուսիսային հատվածի վրա դարձել են ավելի հաճախակի, ինչը հանգեցրել է հակահարվածների։ Իսրայելը, իր հերթին, ուժեղացրել է օդային հարձակումները Հեզբոլլահի հենակետերի և զինամթերքի օբյեկտների վրա Լիբանանում, որպեսզի կանխի նրանց աճող սպառնալիքները։
2024 թվականի սեպտեմբերի կեսերին իսրայելական հետախուզությունը խափանել է Հեզբոլլահի հազարավոր հաղորդակցման սարքեր, որի արդյունքում զոհվեցին խմբի տասնյակ անդամներ և հազարավոր մարդիկ վիրավորվեցին։ 2024 թվականի սեպտեմբերի 27-ին Իսրայելը օդային հարձակմամբ սպանել է Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահին նրա Բեյրութի գրասենյակում՝ նշանավորելով օպերացիայի վերջնական կետը, որի ընթացքում սեպտեմբերին սպանվել են բազմաթիվ բարձրագույն ղեկավարներ։ Իսրայելը Լիբանանում տրված նոր ցամաքային գործողությունների մեկնարկն անվանեց «Հյուսիսային նետեր օպերացիա»:
Նասրալլահի սպանությունից երկու օր առաջ, Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) գլխավոր շտաբի պետ Լեյտենանտ Հերցի Հալևին Իսրայելի զինվորականներին ասել է՝ «Մենք պատրաստվում ենք գործողության, ինչը նշանակում է, որ ձեր ռազմական կոշիկները … կհասնեն թշնամու տարածք» :
Իրանը պատասխանել է՝ արձակելով բալիստիկ հրթիռներ և այլ հեռահար զենքեր Իսրայելի վրա: Այսպիսով, երկու կողմերն էլ կրել են լուրջ մարդկային և նյութական կորուստներ, ինչը խորացնում է հակամարտությունը և նպաստում տարածաշրջանային անկայունությանը։
Վերջին շրջանում Իրանի և Իսրայելի բախումների վերաբերյալ մի շարք պաշտոնյաների արձագանքները և ԶԼՄ-ների հրապարակումները ընդգծում են իրավիճակի լարվածությունն ու դրա տարածաշրջանային ազդեցությունը:
Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ փոխնախագահ Քամալա Հարիսը, զգուշացրել են տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի սրացման վտանգի մասին: Նրանք ընդգծել են, որ թեև Հեզբոլլահի ղեկավար Հասան Նասրալլահի մահը կարող է ժամանակավորապես թուլացնել այդ խմբի ռազմական հզորությունը, սակայն դեռ հնարավոր է Իրանի ուղղակի կամ անուղղակի պատասխաններ ։
Թուրքիան, որը նույնպես մասնակցում է տարածաշրջանային խաղին, հայտարարություններ է անում Իրանի և Իսրայելի հակամարտության վերաբերյալ՝ առաջարկելով իր միջնորդական ծառայությունները: Այս հակամարտությունը հետաքրքրություն է առաջացնում նաև այլ երկրների, այդ թվում՝ Արաբական Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի կողմից, որոնք փորձում են մոդերացնել իրավիճակը, բայց նաև աճող լարվածության պայմաններում պահպանել իրենց շահերը ։
G7-ի առաջնորդները նույնպես խստորեն դատապարտել են Իրանի գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանային կայունությանը: Նրանք կրկին հաստատել են իրենց աջակցությունը Իսրայելի անվտանգությանը և կոչ արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, որպեսզի կանխվի կոնֆլիկտի ընդլայնումը։
Իսրայելի ղեկավարները, հատկապես վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ընդգծել են, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կրում են ինքնապաշտպանական բնույթ՝ ուղղված հակառակորդի գործողությունների կանխմանը։ Իսրայելը նաև բազմիցս հաստատել է իր նպատակը՝ վերացնելու Իրանի աջակցությամբ գործող զինյալ խմբավորումները, ինչպիսիք են Հեզբոլլահն ու Համասը ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը սեպտեմբերյան բախումներից հետո Իսրայելի գործողությունները բնութագրել է որպես «թակարդ»՝ փորձելով ներգրավել Իրանն ավելի լայն պատերազմում։ Նա ընդգծել է, որ Իրանը նպատակ չունի անմիջապես մասնակցել Իսրայելի դեմ բախմանը, բայց նաև նշել է, որ Իսրայելը շարունակում է սադրանքները, և Իրանն ունի «պարտականություն պաշտպանել իրեն»։
Փեզեշքյանը նաև շեշտել է, որ իսլամական երկրները պետք է միասին արձագանքեն Իսրայելի գործողություններին, քանի որ մեկ Հեզբոլլահը չի կարող առանձին դիմադրել նման զինված երկրի։ Նա հայտարարել է, որ եթե միջազգային կառույցները չկարողանան զսպել Իսրայելին, Իրանը կկատարի համապատասխան հակահարվածներ։
Վերջին օրերին երկուստեք հարաբերությունները էլ ավելի սրվեցին հատկապես Իսրայելի՝ հոկտեմբերի 26-ի վաղ առավոտյան Իրանի դեմ իրականացրած հարվածից հետո, որը հաջորդեց մոտ չորս շաբաթ առաջ Իսլամական Հանրապետության կողմից բալիստիկ հրթիռներով զանգվածային հարձակմանը: Զինվորականների տվյալներով, Իսրայելի օդային հարվածներն ուղղված էին ռազմավարական կարևոր օբյեկտներին, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության և արձակման վայրերին:
ԻԻՀ ԱԳՆ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ իսրայելական հարձակմանը նախորդող երեկոյից իրենք հարձակման հավանականության ազդանշաններ են ստացել, ինչից հետո վստահ են եղել՝ հարձակում լինելու է: Նաև հաղորդագրություններ են փոխանակել տարբեր կողմերի հետ, և մինչև հարձակումը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և այս առումով իրենց պարտքը կատարել են։
ԻԻՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին էլ վերոնշյալ հարձակումից հետո ևս մեկ անգամ շեշտեց, որ Իրանը օգտագործում է հնարավոր բոլոր գործիքները՝ Սիոնիստական ռեժիմին վճռական պատասխան տալու համար, և պատասխանի տեսակը կատարվում է ըստ հարձակման տեսակի։
Նա հատկապես ընդգծեց, որ Իրանը չի շեղվի իր իրավունքից՝ պատասխան հարված հասցնելու Սիոնիստական ռեժիմի ագրեսիային ։
Այս ամենի համատեքստում բավականին հետաքրքրական է հատկապես մի շարք լրատվական կայքերում տարածված այն լուրը, ըստ որի ՝ Իրանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման պահին Թուրքիայի և Ադրբեջանի հանրապետություններում միաժամանակ երկու հետախուզական անօդաչու թռչող սարքեր էին թռչում։ Հաղորդվում է, որ Բաքու ուղևորվող անօդաչու թռչող սարքը օդ է բարձրացել Մասալլիի շրջանում գտնվող Սիոնիստական ռեժիմի բազայից ։
Որոշ աղբյուրներ էլ այս գործողությունը կապում են ամերիկյան օժանդակության հետ։ Մասնավորապես ամերիկացի պաշտոնաթող սպա Հեյթամ Ֆարաջը նշել է, որ հարձակման ընթացքում կիրառված F-16 կործանիչների և THAD հակահրթիռային համակարգի առկայությունը և հետախուզական համագործակցությունը նշանակում է համատեղ գործողություն ԱՄՆ-ի հետ ։
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մշտապես եղել է Իսրայելի հիմնական ռազմական դաշնակիցը, և այդ աջակցությունը հատկապես ուժեղացել է, երբ Իսրայելը Իրանի հետ ներգրավված է եղել կոնֆլիկտների մեջ։ Վերջին լարվածությունների և պատերազմի պայմաններում ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական օգնությունը Իսրայելին՝ տրամադրելով ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմական միջոցներ՝ նրա պաշտպանական կարողությունները հզորացնելու նպատակով։
ԱՄՆ-ն մատակարարել է Իսրայելին առաջադեմ հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ինչպիսիք են «Երկաթե գմբեթը», ինչպես նաև այլ ռազմական սարքավորումներ։ Իրանի կողմից 2024 թվականին Իսրայելի ուղղությամբ իրականացրած հրթիռային հարձակումներին ի պատասխան, ԱՄՆ-ն տարածաշրջանում տեղակայել է Terminal High Altitude Area Defense (THAAD) հակահրթիռային համակարգը՝ պաշտպանվելու համար հնարավոր նոր հարձակումներից ։
Բացի այդ, ԱՄՆ-ը մատակարարել է Իսրայելին ճշգրիտ հարվածային զինամթերք, ինչպես նաև տրամադրել հետախուզական և լոգիստիկ աջակցություն։
ԱՄՆ պաշտոնյաները հաստատել են իրենց պարտավորությունը՝ ապահովելու Իսրայելի ռազմական գերակայությունը տարածաշրջանում, ինչը ներառում է նաև Իրանի բալիստիկ հրթիռային հարձակումների դեմ պաշտպանության միջոցների շարունակական մատակարարումը։
Այսպիսով, Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ լարվածության գլխավոր օբյեկտը թերևս ամբողջ աշխարհում։ Իրանը պատերազմում է ոչ միայն մեկ երկրի՝ ի դեմս Իսրայելի, այլ առավել հզոր գերտերության՝ ինչպիսին ԱՄՆ-ն է։ Իզուր չէ այն պնդումը, թե Իսրայելական պետությունը փոքրիկ ԱՄՆ է Մերձավոր Արևելքում։ Թե ինչ ընթացք կստանանան իրադարձությունները ցույց կտա ժամանակը, սակայն մի բան հստակ է, որ ԻԻՀ-ն մշտապես պայքարելու է միջազգային իրավունքի իր բաժինը ստանալու համար, նաև՝ շարունակելու է պատրաստակամորեն օգնություն ցուցաբերել Հեզբոլլահին և իրենց դաշնակիցներին տարածաշրջանում, եթե Իսրայելը շարունակի իր ծավալապաշտական նկրտումները։ Այս զարգացումները ցույց են տալիս, որ Իրան-Իսրայել հակամարտությունը մտնում է նոր փուլ, որն ընդգրկում է տարածաշրջանային ուժերի բարդ հարաբերությունները և աճող գլոբալ լարվածությունը:
Նարե Գևորգյան