կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-20 08:55
Առանց Կատեգորիա

Մենք ենք թույլ տալիս, թե դիմացինն ինչպես վարվի մեզ հետ․ «Փաստ»

Մենք ենք թույլ տալիս, թե դիմացինն ինչպես վարվի մեզ հետ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Օրերս հրաժարական ներկայացրեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Գախարիան կարծում է, որ իր քայլով կօգնի երկրի քաղաքականության մեջ նվազեցնել բևեռացումը: Նա համոզված է, որ բևեռացումն ու առճակատումը ամենամեծ ռիսկն են երկրի տնտեսական զարգացման, ապագայի և բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին: Իսկ քաղաքական ճգնաժամի առիթը Վրաստանի ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժման» լիդեր, պատգամավոր Նիկա Մելիային ձերբակալելու մասին Թբիլիսիի դատարանի որոշումն է: Կարդում էի Գախարիայի հրաժարականի խոսքն ու մտածում, որ ճիշտ են բոլոր այն մարդիկ, ովքեր հարևան երկրի վարչապետին համարում են պետական ու քաղաքական հայրենասեր գործիչ, որն իր հեռացումով փորձ է անում կանխել Վրաստանում քաղաքական ցնցումները: Այո, փաստ է՝ Վրաստանի վարչապետն առաջնորդվեց պետության, այլ ոչ թե նեղ անձնական ու խմբային շահերով:

Այդուհանդերձ, Վրաստանի վարչապետի հրաժարականի բուն պատճառն ու դրա մեկնաբանությունը առիթ հանդիսացավ, որ քաղաքական որոշ վերլուծաբաններ փորձեն Գախարիայի և Փաշինյանի գործողություններում նմանություններ, ավելի ճիշտ՝ տարբերություններ տեսնել, այսինքն, զուգահեռներ անցկացնել: Եթե, օրինակ՝ Գախարիան ասեր, որ հոգնել է քաղաքականությունից ու գնում է այգեգործությամբ զբաղվելու, ապա ի՞նչ կա այդտեղ քննարկելու: Բայց մարդն ասում է՝ հրաժարական եմ տալիս, որ երկրում բևեռացումն ու առճակատումը չխորանա: Դե, օրինակ՝ կարող էր, չէ՞, Գախարիան էլ Նիկոլ Փաշինյանի նման ասեր՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը», ու իր կողմնակիցներին կանչեր պատերի տակ վնգստացողների հարցերը վերջնականապես լուծելու: Իսկ բոլոր ընդդիմադիր գործիչներին էլ ձերբակալեր, քրեական գործեր հարուցեր՝ «չկա ընդդիմություն, չկա խնդիր» ծրագրի շրջանակում: Դե, մենք հիշում ենք, որ «ուսապարկերի խմբակցությունից» մեկը բոլորովին վերջերս ասում էր, որ Հայաստանի ամենամեծ խնդիրն ընդդիմությունն է:

Բայց Գախարիան վարվեց ՀՀ վարչապետի աթոռն այլևս օկուպացրած մարդու ճիշտ հակառակ տրամաբանությամբ, քանի որ դեմ էր ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներին։ Տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, այսպես են կառուցվում պետությունները, այսպես են զարգանում ու ամրանում պետությունները: Սակայն պետական կառավարման և առհասարակ պետականաշինության մասին նման պատկերացումներ ունենալու համար պետք է լինել պետական գործիչ, այլ ոչ թե գավառական պատկերացումներով «բարձրաստիճան ֆեյք»: Ի դեպ, նկատե՞լ եք, որ մեր երկիրը վաղուց վերածվել է ֆեյք պետության: Ինչևէ, այնպես չէ, որ Գախարիան պետք է հրաժարական տար ու հրաժարականի տեքստը հենց այս բովանդակությամբ լիներ, որ մենք հանկարծ ու գլխի ընկնեինք, թե դասական առումով պետական գործիչն ինչպիսի տեսք ու բովանդակություն պետք է ունենա: Ամենևին: Մենք դա գիտենք, տեսնում ենք, ավելին՝ մեր մաշկի վրա զգում ենք 2018 թ.-ից սկսած, ամենօրյա ռեժիմով: Հայաստանում 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո բացահայտորեն, իսկ դրանից առաջ էլ քողարկված «քայլողներն» ամեն ինչ արել ու շարունակում են անել հասարակությունը պառակտելու, սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, քայլածների ու չքայլածների բաժանելու համար:
 

Դժվար է մտաբերել մի երկիր, որտեղ ընտրություններից հետո ընտրված նախագահը կամ վարչապետը չարտասանի հետևյալ խոսքերը. «Ես կլինեմ բոլորի նախագահը՝ իմ օգտին քվեարկածների, ինձ չընտրածների, ինձ քննադատողների, իմ ընդդիմախոսների, բոլորի….»: Ու երբ շատ լայն տեսանկյունով նայում ես, հասկանում ես, որ օբյեկտիվորեն չէր կարող, պարզապես չէր կարող շուրջ երեք տարի հասարակությանն այս աստիճանի ծվենծվեն արած, երկիրը պատերազմի մեջ ներքաշած, այնուհետև կապիտուլացրած, հազարավոր զոհերի և վիրավորների համար պատասխանատվություն ու մեղավորություն ունեցող մարդը շարունակել պաշտոնավարել։ Եվ ոչ միայն շարունակել, այլև հավակնություններ ունենալ հաջորդ ընտրություններում վերարտադրվելու: Եվ վերջում՝ միշտ պետք է հիշել, որ մենք ենք թույլ տալիս, թե դիմացինն ինչպես վարվի մեզ հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում