կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-25 22:06
Քաղաքական

Կատարե՛ք Սահմանադրության պահանջը՝ աջակցե՛ք բազմազավակ ընտանիքներին

Կատարե՛ք Սահմանադրության պահանջը՝ աջակցե՛ք բազմազավակ ընտանիքներին

Մինչև իշխանափոխությունը, նախորդ կառավարությունն իր գործունեության 2017 թվականի ծրագրի համաձայն մշակել էր բազմազավակ ընտանիքների աջակցությանը վերաբերող օրենքի նախագիծ, որն այդպես էլ շարունակական քննարկումների արդյունքում չամբողջականացվեց և չընդունվեց:

Ցավոք, նոր կառավարությունn ընդհանրապես օրակարգից հանեց այս խնդիրը: Անտեսվում է ՀՀ Սահմանադրության պահանջը և պետությունը օրենքով չի ստանձնում պարտավորություն՝ բազմազավակ ընտանիքներին աջակցելու և բազմազավակությունը իրապես խթանելու ուղղություններով:

ՀՀ Սահմանադրության 83 և 86-րդ հոդվածներով ամրագրված է.

յուրաքանչյուր ոք ունի բազմազավակության դեպքում սոցիալական ապահովության իրավունք, որը պետք է սահմանվի օրենքով, իսկ սոցիալական քաղաքականության հիմնական նպատակներից պետք է լինի ծնելիության և բազմազավակության խթանումը:

Սակայն հանրային քննարկման ներկայացված չի համապատասխան օրենքի նախագիծ, իսկ ՀՀ 2019 թվականի բյուջեով և 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագիր և համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:

Օբյեկտիվ իրականությունը ևս բոլորովին այլ վերաբերմունքի և մոտեցումների պահանջներ է դնում:

Տարբեր վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ բազմիցս և առարկայորեն բարձրաձայնում ու փաստարկում են, որ ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում հասել է ճգնաժամային փուլի: Վաղուց արդեն հրամայական անհրաժեշտություն է դարձել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պետական համակողմանի ծրագիրը՝ թիրախավորված արդյունքներով, պետական կայուն ֆինանսավորմամբ:

Մասնավորապես, ժողովրդագրական իրավիճակի բարելավման հիմնական նպատակադրումներից պետք է լինեն ծնունդների աճի խթանումը և բազմազավակության խրախուսումը և այս նպատակադրումների համար լիարժեք իրավական հիմքերի ապահովումը:

Փոխարենը օրվա իշխանությունները օրակարգ են բերում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն ու մեր ժողովրդի ավանդական ընտանեկան արժեքների այլասերման համար իրավական այսօրինակ հիմքերի ապահովումը:

Փաստ է, որ վերջին երեք տասնամյակներում ծնունդները շարունակական նվազում են, որը հանգեցրել է նաև բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների թվի էական կրճատմանը: 2001 թվականի մարդահամարի տվյալներով 4 և ավելի երեխա ունեցող տնային տնտեսությունների թիվը կազմել է շուրջ 31000, իսկ 2011 թվականի մարդահամարի տվյալներով` շուրջ 13000: Ներկայումս բազմազավակ ընտանիքների շուրջ կեսն անապահով է: Եվ այս բացասական միտումները պահպանվում են:

Բնականաբար այս իրավիճակում անվիճելի և առաջնային է բազմազավակ ընտանիքներին պետական նպատակային աջակցության անհրաժեշտությունը, որն արդեն նշեցինք՝ նաև Սահմանադրության պահանջն է և պետական աջակցության այս ձևի իրավական հիմքերը պետք է մանրամասն ամրագրվեն օրենքով:

Բազմազավակ ընտանիքների աջակցության համար նախատեսված ֆինանսական միջոցները պետք է ներառվեն յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում՝ ամենամյա առանձին պետական ծրագրով:
Ի վերջո, պետությունը պետք է հետևողականորեն ստանձնի բազմազավակությունը խթանելու իր պարտավորությունը: Իսկ պետական աջակցության այս տեսակը պետք է լինի շարունակական և լիարժեք՝ ընտանիքների գնահատված կարիքներին համապատասխան:

Այս հիմնանպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաև օրենքով նախատեսել պետական աջակցության այս ձևի ֆինանսավորման կայուն հիմքերն ու ուղղությունները, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին տրվող լրացուցիչ արտոնությունները:

Մեր կողմից իրականացված մասնագիտական վերլուծություններով առանձնացվել են բազմազավակ ընտանիքներին անհրաժեշտ պետական աջակցության հետևյալ առաջնային ուղղությունները՝

-ընտանիքում առկա երեխաների թվից կախված՝ եկամտահարկի դրույքաչափի նվազեցում, հողի հարկի և -գույքահարկի արտոնություններ, բազմազավակ ծնողներին կենսաթոշակային արտոնություններ,
-ընտանիքի աշխատանքային տարիքի և աշխատունակ անդամներին կայուն աշխատանքով կամ -ինքնազբաղվածությամբ ապահովում,
-ընտանիքին բնակարանով ապահովման պետական աջակցություն,
-ընտանիքի բոլոր անդամների համար պետական աջակցությամբ բժշկական ապահովագրություն,
-ընտանիքի երեխաներին կրթական աջակցություն,
-էլեկտրական էներգիայի, գազի, ջրի վարձավճարների պետական մասնակի սուբսիդավորում և այլն:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող