կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-20 12:01
Հասարակություն

Ինչո՞ւ է հետաձգվում բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության օրենքի ընդունումը

Ինչո՞ւ է հետաձգվում բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության օրենքի ընդունումը

ՀՀ Սահմանադրության 83 և 86-րդ հոդվածներով ամրագրված է. «Յուրաքանչյուր ոք ունի բազմազավակության դեպքում սոցիալական ապահովության իրավունք, որը պետք է սահմանվի օրենքով, իսկ սոցիալական քաղաքականության հիմնական նպատակներից պետք է լինի ծնելիության և բազմազավակության խթանումը»:

Նախորդ կառավարությունը, գործունեության 2017 թվականի ծրագրի համաձայն, մշակել էր բազմազավակ ընտանիքների աջակցությանը վերաբերող օրենքի նախագիծ, որն այդպես էլ շարունակական քննարկումների արդյունքում չամբողջացվեց և չընդունվեց:

Ցավոք, նոր կառավարությունը ևս չի շտապում օրենքով ստանձնել պարտավորություն բազմազավակ ընտանիքներին աջակցելու և բազմազավակությունը իրապես խթանելու ուղղություններով, թեև դա սահմանադրական պահանջ է:

Փաստորեն, առնվազն այս պահի դրությամբ, հանրային քննարկման ներկայացված չէ համապատասխան օրենքի նախագիծ, իսկ ՀՀ 2019 թվականի բյուջեի նախագծով` բազմազավակ ընտանիքների աջակցությանը վերաբերող ծրագիր և համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:

Այնինչ օբյեկտիվ իրականությունը բոլորովին այլ վերաբերմունքի և մոտեցումների պահանջներ է առաջադրում:

Տարբեր վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ բազմիցս և առարկայորեն բարձրաձայնում ու փաստարկում են, որ ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում հասել է ճգնաժամային փուլի: Վաղուց արդեն հրամայական անհրաժեշտություն է դարձել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պետական համակողմանի ծրագիրը՝ թիրախավորված արդյունքներով, պետական կայուն ֆինանսավորմամբ: Մասնավորապես` ժողովրդագրական իրավիճակի բարելավման հիմնական նպատակադրումներից պետք է լինեն ծնունդների աճի խթանումը և բազմազավակության խրախուսումը:

Այնինչ` վերջին երեք տասնամյակներում, ծնունդները շարունակաբար նվազում են, ինչը հանգեցրել է նաև բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների թվի էական կրճատմանը: 2001 թվականի մարդահամարի տվյալներով` 4 և ավելի երեխա ունեցող տնային տնտեսությունների թիվը կազմել է շուրջ 31000, իսկ 2011 թվականի մարդահամարի տվյալներով` շուրջ 13000: Ներկայումս բազմազավակ ընտանիքների շուրջ կեսն անապահով է: Եվ այս բացասական միտումները պահպանվում են:

Բնականաբար, այս իրավիճակում, անվիճելի և առաջնային է բազմազավակ ընտանիքներին պետական նպատակային աջակցության անհրաժեշտությունը, ինչը նաև Սահմանադրության պահանջն է, ըստ որի՝ պետական աջակցության այս ձևի իրավական հիմքերը պետք է մանրամասն ամրագրվեն օրենքով: Բազմազավակ ընտանիքներին աջակցության համար նախատեսված ֆինանսական միջոցները պետք է ներառվեն յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում՝ ամենամյա առանձին պետական ծրագրով:

Ի վերջո, պետությունը պետք է հետևողականորեն ստանձնի բազմազավակությունը խթանելու իր պարտավորությունը: Իսկ պետական աջակցության այս տեսակը պետք է լինի շարունակական և լիարժեք՝ ընտանիքների գնահատված կարիքներին համապատասխան:

Այս հիմնանպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաև օրենքով նախատեսել պետական աջակցության այս ձևի ֆինանսավորման կայուն հիմքերն ու ուղությունները, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին տրվող լրացուցիչ արտոնությունները, ասենք, օրինակ, եկամտահարկի դրույքաչափի նվազեցում՝ ընտանիքում առկա երեխաների թվից կախված, հողի հարկի և գույքահարկի արտոնություններ, բազմազավակ ծնողներին կենսաթոշակային արտոնություններ և այլն:

Իրականացված մասնագիտական հետազոտությունները հիմնավորված մատնանշում են նաև բազմազավակ ընտանիքներին անհրաժեշտ պետական աջակցության հետևյալ առաջնային ուղղությունները՝

– ընտանիքի աշխատանքային տարիքի և աշխատունակ անդամներին կայուն աշխատանքով կամ ինքնազբաղվածությամբ ապահովում,
– ընտանիքին բնակարանով ապահովման պետական աջակցություն,
– ընտանիքի անդամների բժշկական օգնություն և սպասարկում,
– ընտանիքի երեխաներին կրթական աջակցություն,
– էլեկտրական էներգիայի, գազի, ջրի վարձավճարների պետական մասնակի սուբսիդավորում և այլն:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Թադևոս Ավետիսյան