կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 15:28
Քաղաքական

Բազմազավակ ընտանիքներին կխրախուսեն` ոչ թե նպաստ տրամադրելով, այլ զբաղվածություն ապահովելով

Բազմազավակ ընտանիքներին կխրախուսեն` ոչ թե նպաստ տրամադրելով, այլ զբաղվածություն ապահովելով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր՝ ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, տեղեկացրեց, որ 2016-ին 367 մլրդ դրամի ծրագրեր է իրականացրել նախարարությունը, որի 95 տոկոսը սոցիալական տրանսֆերներն են։

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն Ասատրյանից հետաքրքրվեց` եթե մեր համակարգը կոչվում է աշխատանքի և սոցիալական հարցերի, սակայն վերոհիշյալ՝ 360 մլրդ-ից աշխատանքի և զբաղվածության ոլորտի համար ծախսվել է մոտ 2 մլրդ՝ կես տոկոսից մի քիչ ավելին։ «Ինչո՞ւ եմ հարցնում, որովհետև այստեղ խոսքը վերաբերում է հիմնականում աշխատողների իրավունքների պաշտպանությանը։ Բացի այդ՝ տարիներ շարունակ ասում ենք, որ տեսչական բարեփոխումներ պետք է արվեն,որոնք այդպես էլ չեն արվում։ Կուզեի իմանալ ձեր պատկերացումները՝ տեսչական բարեփոխումների, աշխատողների իրավունքների պաշտպանության առումով»,- ասաց պատգամավորը։ 

Նա նշեց նաև, որ կառավարության ծրագրում կա նոր աշխատանքային օրենսգիրք ունենալու դրույթը, և հարցրեց` այստեղ փիլիսոփայությունը ո՞րն է լինելու, ի՞նչ նախնական դիտարկումներ կան։ ՀՅԴ խմբակցության պատգամավորը, նշելով, որ կառավարության ծրագրում կա նաև բազմազավակ ընտանիքների խրախուսման ծրագիր, հետաքրքրվեց՝ ժողովրդագրական խնդրի հետ կապված ի՞նչ հարց է լուծելու այն։

Ի պատասխան Ասատրյանը նշեց, որ հենց ժողովրդագրական վիճակից է, որ 350 մլրդի տրանսֆերները գնում են տարեցների կենսաթոշակներին։ «Համաձայն եմ դիտարկման հետ, որ պետք է զբաղվածության մասն ավելանա։ Մենք պետք է կարողանանք զբաղվածության ծրագրեր իրականացնել աշխատունակ մարդկանց համար։ Այսինքն՝ ընտանիքներին անապահովությունից հանել` ոչ թե նպաստ վճարելով, այլ նրանց զբաղվածությունն ապահովելով։ Իսկ տեսչական բարեփոխումների հետ կապված հիմնական մոտեցումը, որ հաստատվեց կառավարության կողմից, այն է, որ աշխատանքային հարաբերություններում երկու կողմերի՝ գործատու-աշխատողի միջև, հնարավորինս նվազագույնի հասցվի վարչարարական միջամտությունը։ Եվ այս իմաստով հիմնական դերակատարությունը պետք է ստանձնեն արհմիությունները»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ երբ վերլուծություն էր արվում՝ քանի մարդ է դիմել իր խախտված աշխատանքային իրավունքների վերականգման համար մեկ տարվա ընթացքում, ապա նրանց թիվը 1000-ից ավելի չի եղել: «Ստացվում էր, որ մի ամբողջ տեսչական համակարգ, վարչական մարմին պետք է գնա, գործատուին տույժ ու տուգանքի ենթարկի, բայց քաղաքացու իրավունքը չվերականգնի։ Դրա համար էլ որոշվեց, որ վարչական միջամտությունը նվազագույնի պետք է հասցվի։ Մինչև տարեվերջ տեսչությունները կձևավորվեն, և արդյունքները կունենանք»,- հայտնեց Ասատրյանը։

Նոր աշխատանքային օրենսգրքի հետ կապված հարցադրմանն էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պատասխանեց, որ մի քանի սկզբունքային խնդիրներ ունեն, որոնց պետք է անդրադառնան։ Մեկը, ըստ Ասատրյանի, այն է, որ կան որոշակի կոշտ կարգավորումներ, որոնք գալիս են Խորհրդային միությունից։ Բացի այդ՝ աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրներին պետք է անդրադառնան: «Աշխատողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից` միանշանակ, խնդիրներին պետք է անդրադառնանք, քանի որ այդտեղ էլ որոշակի հարցադրումներ ենք դուրս բերել, այսինքն՝ պետք է լավ հավասարակշռենք այս փոխհարաբերությունները»,- նշեց նախարարը։

Բազմազավակ ընտանիքների հետ վերաբերյալ Ասատրյանը հայտնեց, որ նոր օրենք պետք է ներկայացվի, որի նախագիծն արդեն մշակվում է։ Ըստ նրա՝ հնարավորինս պետք է խրախուսեն բազմազավակ ընտանիքներին, բայց ոչ թե պասիվ ծրագրերի միջոցով՝ նպաստների, այլ ակտիվ: «Պետք է այնպես անենք, որ բազմազավակ ընտանիքները կարողանան իրենք իրենց միջոցներով խնդիրները լուծել և հնարավորինս ձերբազատվեն աղքատության տիրույթում ընդգրկվելուց»,- նշեց նախարարը։