կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-05 12:26
Հասարակություն

Արտոնյալ վարկեր, ուսման վարձի զեղչ. ինչ է առաջարկում պետությունը բազմազավակ ընտանիքներին

Արտոնյալ վարկեր, ուսման վարձի զեղչ. ինչ է առաջարկում պետությունը բազմազավակ ընտանիքներին

Այսուհետ օրենքով կամրագրվի՝ որ ընտանիքն է համարվում բազմազավակ. «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծն այժմ կառավարությունում է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ է օրենքն իրենից ենթադրում, և ինչ արտոնություններ են սպասվում բազմազավակ ընտանիքներին:

Բաբաջանյանի խոսքով՝ օրենքում առաջին հերթին կամրագրվի բազմազավակ ընտանիքի կարգավիճակը, որը, ըստ նրա, կար միայն սովետական տարիներին: Այսպիսով՝ բազմազավակ կհամարվեն այն ծնողները, ովքեր 4 և ավելի երեխա կունենան:

Իսկ ինչ վերաբերում է արտոնություններին, ապա, Բաբաջանյանի հավաստմամբ, իրենք փորձել են լուծել մեկ կարևոր խնդիր՝ բազմազավակ ընտանիքին «տանելով» նպաստից դեպի զբաղվածություն աստիճանին: «Բազմազավակ ընտանիքի անդամներն առողջապահական ծառայություններից կօգտվեն անվճար և արտոնյալ պայմաններով: Իսկ թե ո՞ր ծառայությունները կլինեն անվճար, և ի՞նչ ասել է արտոնյալ՝ կառավարությունը կսահմանի դրանք: Բացի այդ՝ բազմազավակ ընտանիքներին աջակցություն կցուցաբերվի նաև կրթության ոլորտում՝ այդ ընտանիքի երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել արտահերթ, իսկ մարզերի բազմազավակ ընտանիքների երեխաների մանկապարտեզի վարձը 50 տոկոսով կզեղչվի: Միջին մասնագիտական կրթության ոլորտում նույնպես այդ երեխաներին ուսման վարձի 50 տոկոսի զեղչ կտրամադրվի»,- ասաց Բաբաջանյանը:

Նա նշեց նաև, որ պետությունը կաջակցի նաև այդ ընտանիքների՝ բնակարան ձեռք բերելու, կենցաղային տեխնիկա գնելու և զբաղվածության հարցում` այս դեպքում, սակայն, միայն արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելով:

Հայաստանում կա 6400  բազմազավակ ընտանիք, որոնցից անապահով է 5400-ը: Սա նշանակում է, որ այդ ընտանիքների գերակշիռ մասը չունի աշխատանք, իսկ թե այս դեպքում ինչպե՞ս են բանկերը այդ ընտանիքներին տրամադրելու հիփոթեքային վարկեր, Բաբաջանյանը նշեց, որ, հավանաբար, այս խնդրին կառավարությունում կանդրադառնան: «Պետք է հասկանալ, որ տասնամյակներով առաջացած խնդիրների լուծմանը մեկ նախագծով հնարավոր չէ հասնել»,- ասաց նա: