Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ»-ը գրում է. «Ռուսաստան արտագաղթող հայաստանցիների թիվը 2019–ին կտրուկ ավելացել է։ Այս մասին ասվում է «ՌԴ տնտեսական վիճակի մոնիտորինգի» մասին ուսումնասիրության մեջ, որը պատրաստվել է «Գայդար» ինստիտուտի փորձագետների կողմից։ Տվյալները վերցված են Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության պաշտոնական աղբյուրներից։ Հետազոտության մեջ նշվում է, որ Ռուսաստան ամենաշատ թվով մարդիկ են արտագաղթում Հայաստանից ու Ուկրաինայից։ 2019 թ. հունվար–ապրիլին Հայաստանից Ռուսաստան է անել 12,8 հազար մարդ։ Մինչդեռ 2018 այդ ցուցանիշը կազմել էր 4,9 հազար դրամ։ Ընդ որում՝ վերջին հինգ տարվա մեջ նույն ժամանակահատվածի համեմատ հենց 2019–ին են հայաստանցիներն արտագաղթել Ռուսաստան։ 2017–ի հունվար-ապրիլին 2,4 հազար մարդ էր արտագաղթել, 2016–ին՝ նույնքան, 2015–ին՝ 6,4 հազար, իսկ 2014–ին՝ 5,8 հազար։
Իհարկե, արտագաղթի լիարժեք պատկերը տեսնելու համար անհրաժեշտ է ամբողջ տարվա տվյալները համեմատել, քանի որ օբյեկտիվ ուսումնասիրությունը պահանջում է հաշվի առնել մի շարք գործոններ, ինչպիսին է օրինակ՝ սեզոնայնությամբ պայմանավորված աշխատանքային միգրացիան, երբ տարվա մի մասը մարդիկ մեկնում են Ռուսաստան, տարվա մյուս կեսին՝ վերադառնում։ Թեպետ, մի շարք գործոններ առկա են եղել նաև նախորդ տարիներին։ Ամեն դեպքում վիճակագրությունն այս տարվա առաջին կեսին այդպիսին է, մեր կառավարությունը նույնպես վիճակագրությունները ներկայացնում է ըստ եռամսյակների ։ Թեև մեծ էին ակնկալիքները, որ 2018-ին տեղի ունեցած «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից» հետո կլինի կտրուկ ներգաղթ, ինչի մասին հավաստիացնում էին նոր իշխանությունները, միևնույն է, արտագաղթի տեմպերը փաստորեն ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են։
Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է այդպես ստացվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ չդադարող արտագաղթը բացատրում էր ոչ միայն մարդկանց սոցիալ-տնտեսական վատ պայմաններով, այլև մի շարք ուրիշ գործոններով։ Դեռևս անցած տարվա նոյեմբերին նա խորհրդարանում հայտարարեց. «Մենք երկար ժամանակ առաջնորդվել ենք այն կանխավարկածով, որ միայն սոցիալական խնդիրը չէ պատճառը, որ մարդիկ արտագաղթում են։ Այստեղ կա արդարության, օրինականության, հնարավորությունների, արժանապատվության խնդիր։ Մենք այսօր երաշխավորում ենք, որ որևէ մեկը որևէ մեկին չի կարող ապօրինի կերպով ինչ-որ բան ասել։ Հայաստանում մենք հաշվարկել ենք, թե արտագաղթին ինչքան են նպաստում տարբեր ճնշումների մեխանիզմները, թաղային հեղինակությունները, իրավապահ համակարգի ապօրինությունները, տնտեսական գործունեության սահմանափակումները, արտոնությունները։ Մենք այդ ամեն ինչը վերացրել ենք և վերացնում ենք»։
Սակայն դա դեռ ամենը չէր։ Փաշինյանն ավելի հեռուն է գնացել և շեշտել, որ արդեն խթանում են հայրենադարձությունը։ «Անշարժ գույքի շուկայում գներն աճում են, քանի որ արտերկրում ապրող շատ հայրենակիցներ գալիս են և անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ են անում։ Այս ամենը լինելու է ներգաղթի լավ պատճառ»,– ընդգծել էր նա։
Դրանից ավելի առաջ մարզային այցերից մեկի ժամանակ Փաշինյանը հպարտորեն հայտարարել էր, որ հեղափոխությունից հետո երեք ամիս շարունակ արտագաղթը դադարել էր։ Մենք հիմքեր չունենք չհավատալու այդ հայտարարություններին։ Պարզապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ այդքան լավ նորություններից հետո իմանում ենք այսքան վատ նորություններ։ Ինչո՞ւ հիմա կառավարությունը չի հայտարարում, որ արտագաղթը շարունակվում է, համենայն դեպս, այս տարվա առաջին կեսին նախորդ տարիներից ավելի մեծ տեմպերով։ Անշուշտ, միամտություն կլիներ կարծելը, թե կառավարությունը նույն փութաջանությամբ կհայտարարեր ոչ հաճելի վիճակագրական տվյալներ։ Անկախ նրանից՝ կառավարությունը կխուսափի խոսել այդ մասին, թե ոչ, պարտավոր է վաղ թե ուշ պատասխանել, որ եթե արտագաղթի պատճառներից էին անօրինականությունը, կոռուպցիան, տնտեսական ճնշումները, անարդարությունը, արժանապատվության ոտնահարումը և այլն, ապա այդ երևույթները վերացնելուց հետո ինչո՞ւ են մարդիկ շարունակում ավելի մեծ տեմպերով արտագաղթել։ Եթե այդպես լավ հաշվարկել էին արտագաղթի վրա ազդող գործոնները, ապա այդ գործոնների վերացումից հետո արտագաղթը քանի տոկոսով պետք է նվազեր»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: