կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-18 12:26
Հասարակություն

Մարդիկ կան, որ 30 տարի շարունակ անտառ կտրելով են զբաղված, բայց ոնց աղքատ եղել են, այդպես էլ մնացել են. Փաշինյան

Մարդիկ  կան, որ 30 տարի շարունակ անտառ կտրելով են զբաղված, բայց ոնց աղքատ եղել են, այդպես էլ մնացել են. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում, մինչ օրակարգին անցնելը, անդրադարձավ Իջևանում տեղի ունեցած երեկվա դեպքերին` ծառահատումների թույլտվության պահանջ ներկայացնող քաղաքացիների ու ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել:

Ըստ նրա՝ տպավորություն կա, թե Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում, Թումանյանի տարածաշրջանում բոլորը համատարած զբաղված են փայտ կտրելով և վաճառելով, մինչդեռ դա մարդկանց մի փոքր շրջանակ է:

«Այդ շրջանակը երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց, և, ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ: Ես չեմ բացառում, որ այս գործողությունները թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, որոնք անպայման կրելու են քրեական պատասխանատվություն: Ես ուզում եմ հստակ լինել՝ ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու, և խնդիրը դնում եմ իրավապահ համակարգերի առաջ. այստեղ ԱԱԾ-ի, ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների գործունակության խնդիրն է դրված: Ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, որևէ մեկը շանտաժով չի կարող խոսել կառավարության հետ, և սա կյանքի կոչելը իրավական համակարգի խնդիրն է»,-նշեց նա:

Վարչապետը նաև նշեց, որ միայն պատժողական տրամաբանության չպետք է առաջնորդվեն: «Այսօր Տավուշի մարզը տուրիզմի առումով ամենադինամիկ և մեծ զարգացումն ապահովող մարզն է, և տարբեր երկրներից հարյուրավոր մարդիկ գալիս են ուղղակի անտառում քայլելու, ուրիշ բան նրանց չի հետաքրքրում, ուստի մեր հայրենակիցները  պետք է հասկանան, որ, անտառը չկտրելով, կարող են ավելի մեծ գումարներ վաստակել: Իմիջիայլոց, ուզում եմ ասել՝ Իջևանում, Լոռիում, Նոյեմբերյանում, Բերդում մարդիկ  կան, որ 30 տարի շարունակ անտառ կտրելով են զբաղված, շարքային քաղաքացիներ, բայց ոնց աղքատ եղել են,  այնպես էլ շարունակում են մնալ: Նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվել, այո, մի քանի հոգի նրանց շահագործելու արդյունքում հարստանում են, բայց սևագործ մարդկանց կյանքում, որոնք զբաղված են փայտը քարշ տալով, բեռնատարների մեջ բարձելով, վերջին 30 տարում  բան չի փոխվել՝ ոնց եղել են խեղճուկրակ, այնպես էլ մնացել են: Այս փաստը պիտի վկայի, որ գնում ենք սխալ ճանապարհով»,-ընդգծեց վարչապետը:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը  կարևորեց այլընտրանքային վառելիքի արտադրությունը: «Մենք նախորդ տարվանից քննարկում ենք վառելափայտին այլընտրանք վառելիքի արտադրության հարցը, խոսքը վերաբերում է պելետներին ու բրիկետներին»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ շրջակա միջավայրի նախարարությունն այս հարցում փրոջեքթ-մենեջերի դերակատարում կվերցնի, որ արտադրությունը կարողանան Հայաստանում զարգացնել:

«Ես ուզում եմ ասել, որ երբ մենք խոսում ենք բրիկետ-պելետների մասին, հանկարծ խոսք չգնա, որ մենք, այսպես ասած, երրորդ երկրների հատուկ արտադրության ինչ-որ ճյուղ ենք ուզում զարգացնել», - հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Իտալիայում բազմաթիվ բնակարաններ ջեռուցվում են պելետների միջոցով:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսել են նաև այլընտրանքային էներգետիկայի զարգացման ճյուղի վերաբերյալ,  օրինակ` ջրերի տաքացման այլընտրանքային միջոցներ կան:

«Մենք պայմանավորվել ենք, որ այս ուղղությունը պետք է զարգացնենք: Ունե՞ք ասելու ինչ-որ բան», - ասաց վարչապետը՝ դիմելով Սուրեն Պապիկյանին:

Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ սա Հայաստանում դինամիկ զարգացող ուղղություններից է: «Արևային էներգիայի օգտագործումը, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, խիստ տարածում է գտնում մեր գյուղերում», - ասաց նա: