ԱՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի՝ Թումանյան փողոցի վրա գտնվող նախկին «Շինանյութերի կոմբինատ»-ի տարածքում կառուցվող բնակելի նոր թաղամաս, հայտնում է «Արցախպրես»-ը:
Բակո Սահակյանին ուղեկցում էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը,Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, շինարարական կազմակերպության ներկայացուցիչներ: Նրանք ծանոթացել են շինաշխատանքների ընթացքին և քննարկել մի շարք հարցեր:
«
Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ասել է, որ բնակելի նոր թաղամասի կառուցումն իրականցվում է են մասնավոր ներդրողների միջոցներով. շինաշխատանքները մեկնարկել է ընթացիկ տարվա հուլիսից:
Նախարարը նշել է, որ բնակելի նոր թաղամասում նախատեսվում է ունենալ 13 մասնաշենքով 200 բնակելի տներ:
Խոսելով իրականացվող աշխատանքների մասին՝ մեր զրուցակիցը մասնավորապես ասել է. «Ներկայումս սկսված են առաջին, երկրորդ, երրորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ, տասներեքերորդ և տասնչորսերորդ մասնաշենքերի հիմքերի փորման աշխատանքները: Այնուհետև կսկսվի հիմքերի բետոնային, կարկասային մասի, կմախքի կառուցման աշխատանքները: Ամսվա ընթացքում շինարարներին կտրամադրվի ամբողջ թաղամասի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Թաղամասը նախատեսվում է շահագործման հանձնել 2020-2021 թվականին»:
Նա ավելացրել է, որ նախագծի համաձայն՝ թաղամասի ներքևի հատվածում նախատեսվում է ունենալ մանկապարտեզ, որը կսպասարկի նաև «Արցախ» և «Զինավան» թաղամասերի երեխաններին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի ներքևի հատվածում նախատեսվում է կառուցել շուրջ 600 տեղանոց դպրոցական նոր շենք, որին կից կլինի Ֆրանկոֆոնիայի կենտրոնը:
«Շենքերի առաջին հարկերը լինելու են ոչ բնակելի տարածքներ: Թաղամասի ներքևի մասում կլինեն խաղահրապարակներ, ավտոկանայանատեղիներ, կանաչապատ գոտիներ: Թաղամասը երթևեկելի մասով կապված է լինելու Սպանդարյան փողոցի հետ: Բնակարանների մի մասը տարբեր ծրագրերի շրջանակներում տրամադրվելու է սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին, իսկ մեծ մասը մատչելի գներով տրվելու է հիփոթեքային վարկավորմամբ: Քաղաքաշինության նախարարությունն իրականացնելու է վերահսկողություն, որպեսզի կառուցման ընթացքում որևէ բացթողումներ ու թերություններ չլինեն»,-ավելացրել է Կ. Շահրամանյանը: