| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հանձնարարարություն է տրվել նյութեր նախապատրաստել նախօրեին հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի տատանումների և անջատումների վերաբերյալ` հոսանքի խափանման պատճառները պարզելու նպատակով: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց Վանեցյանը:
Նա մանրամասնեց. «Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խոր ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի` միտում եղե՞լ է, թե՞ չի եղել, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ։ Արդյունքների մասին կզեկուցեմ»:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Վանեցյանի ելույթին`նշելով, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նույնպես ծառայողական քննություն է նշանակել պատճառները հասկանալու համար:
«Բայց երեկ` ժամը 20։00-ին, արդեն ամբողջապես վերականգնվել էր ամբողջ էներգահամակարգի գործունեությունը։ Շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, որոնք օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին, հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ էներգետիկ համակարգը երկարատև կոլապսի առաջ է կանգնում: Երբ քննարկում էինք փոխարկիչի հետ կապված խնդիրը, մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին: Այնպես որ` պրակտիկ առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ: Մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն, կենսունակություն, ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները», - պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։