կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-08 16:00
Արցախ

«Մայրական երախտագիտություն» մեդալ` Արցախով շնչող «Ազդակ»-ի խմբագրին

«Մայրական երախտագիտություն» մեդալ` Արցախով շնչող «Ազդակ»-ի խմբագրին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության  կազմակերպած` Հայ մամուլի համահայկական համաժողովի մասնակիցները, որոնք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առաջնային տպագիր, էլեկտրոնային մամուլի առաջին դեմքերն էին, առիթ ունեցան լինելու նաև ՀՅԴ-ի` Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագրությունում  և խմբագիր Շահան Գանտահարյանին հանձնելու Արցախի «Մայրություն» ՀԿ-ի «Մայրական երախտագիտություն» հուշամեդալը: Այն հանձնեց Արցախի «Ապառաժ» պարբերականի վերլուծաբան Միքայել Հաջյանը` նշելով, որ «Ազդակ»-ը` ի դեմս Գանտահարյանի, մշտապես սատար է կանգնել Արցախին ու Արցախի ժողովրդին թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ հետպատերազմական տարիներին, թե՛ վերականգման ու վերակառուցման շրջանում  և թե՛ այսօր:

«Մայրություն» կազմակերպությունն Արցախյան շարժման ծնունդ է, պատերազմի հետ համաժամանակ է ստեղծվել: Անկախ հանգամանքից, որ գործում է Արցախում, այն համահայկական արժեք է ձեռք բերել, որովհետև ուշադրության կենտրոնում է պահում բոլոր այն  հայորդիներին, որոնք կարող են իրենց հնարավորությունների սահմաններում ու ուժերի ներածին չափով սատար լինել, աջակցել Արցախին ու Արցախի ժողովրդին: Իր հերթին «Մայրությունը» նույնպես Հայոց բանակի ու զինվորների կողքին է: Կազմակերպության խմբերը մշտապես առաջին դիրք են մեկնում` ցույց տալով, որ թիկունքն ամուր է, ու սահման պահողները կարող են վստահ լինել, որ թիկունքում կանգնած են իրենց մայրերը, որոնք հավատում են զավակների, հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված տղաների արիությանը, խիզախությանը»,- իր խոսքում ասաց Հաջյանը:

Նա նաև մի դրվագ պատմեց, թե ինչպես է արցախցի ծաղկավաճառը ճանաչել Շահան Գանտահարյանին: «Անցյալ տարի մենք պետք է որդուս (Ապրիլյան քառօրյայի նահատակ Նորայր Հաջյան-խմբ.) գերեզմանին այցի գնայինք : Գերեզմանատան ճանապարհի վերջին ծաղկավաճառին մոտեցանք: Այդ մարդը, որ Շահանի հետ ծանոթ չէր, նայեց ինձ ու ասաց` այս մարդու դեմքը ծանոթ է ինձ, կարո՞ղ է մեր Շահանն է: Շշմել էինք. այդ մարդը, որ առնչություն չէր ունեցել Շահանի հետ, ճանաչել էր նրան: Ինչպե՞ս. Սիրիայի դեպքերի հետ կապված, երբ Շահանը գրեթե ամեն օր հանդես էր գալիս հեռուստատեսությամբ, մարդիկ սրտատրոփ սպասում էին` տեղեկանալու, թե ինչպես է սիրիահայության վիճակը»,- պատմեց Միքայել Հաջյանը` փոխանցելով Շահան Գանտահարյանին Հասմիկ Միքայելյանի ղեկավարած «Մայրություն» ՀԿ-ի հուշամեդալը:

Նա կարևորեց «Ազդակ»-ի դերն ու նշանակությունը ոչ միայն Սփյուռքի, այլ նաև ամբողջ հայության համար: Ասաց` երբ խոսում են հայ մամուլի գործիչների, թերթերի համագործակցության մասին, ապա Շահան Գանտահարյանն այդ համագործակցության կարևոր ուղենիշներից մեկն է, ապա ընդգծեց, որ «Ազդակ»-ը մշտապես Արցախով է շնչում, ու եթե բացենք «Ազդակ»-ի ցանկացած համար, այնտեղ պարտադիր անդրադարձ կա Արցախին:

«Շատ շնորհումներ  են եղել, բայց այս մեկն իսկապես հուզեց, նամանավանդ, որ Արցախից է: Արցախն իսկապես առանցքային դեր ունի մեզ համար: Սա ես կհամարեմ «Ազդակ»-ի մեծ ընտանիքի նվերը, որովհետև ես առանձին չեմ կարող իրականացնել այն, ինչ իրականացնում է «Ազդակ»-ն` առհասարակ»,- շնորհակալության խոսքում նշեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը:

Հ.Գ. Երախտիքի բազմաթիվ մեդալներ կան, որ տրվում են պետական ամենափոքր գերատեսչությունից մինչև իշխանության գլուխ կանգնածների կողմից: Բոլորն էլ, անխոս, պարտավորեցնող ու պատվաբեր են: «Մայրական երախտագիտություն» մեդալը, կարծում ենք, ո՛չ պարտավորեցնող, ո՛չ էլ պատվաբեր է, այն լուռ աղոթքն է այն մայրերի, որոնց որդիներն իրենց կյանքն են զոհել ու զոհում հանուն հայրենիքի, ամուր ու խաղաղ սահմանի: Աղոթք, շնորհակալություն է` իրենց զավակներին հիշելու, նրանց արածը գնահատելու, գործը շարունակելու ու սխրանքը սերունդներին փոխանցելու համար: «Մայրական երախտագիտություն» մեդալը, վստահ ենք, Շահան Գանտահարյանի համար մասունքի նման է լինելու. չէ՞ որ դրա մեջ որդեկորույս մոր աղոթքի շունչը կա: