կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-01 17:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրին ՀՀ ԳԱԱ-ն պատվոգիր շնորհեց

Հայաստան-Լիբանան բազմակողմ հարաբերությունների, Սփյուռքի հետ գիտակրթական կապերի ու հայ մշակույթի զարգացմանը նպաստելու համար «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին այսօր շնորհվեց ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգիր:

Yerkir.am-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունը Արեւելագիտության ինստիտուտինն էր: Ներկայացնելով օրաթերթի գլխավոր խմբագրի գործունեությունը՝ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն ասաց, որ Գանտահարյանը տարիներ շարունակ Լիբանանում՝ Մերձավոր Արեւելքի ամենակարեւոր համայնքներից մեկում, իրականացրել է եւ՛ հասարակական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ համայնքային նշանակալի աշխատանք: Նա հատկապես դրվատելի համարեց Գանտահարյանի դերը «Ազդակ» օրաթերթի կայացման գործում:

«Օրաթերթն՝ իր լրատվական համայնքով,   մշակութային կարեւորագույն կենտրոններից մեկն է դարձել Լիբանանում: Մեզ համար մեծ պատիվ է ակադեմիայի նախագահության անունից պարոն Գանտահարյանին պատվոգիր շնորհել իր հայրենանվեր գործունեության, Հայաստան-Լիբանան հարաբերությունների սերտացման եւ խորացման համար»,-ասաց Ղազարյանը՝ նշելով, որ պատվոգրի շնորհման գործընթացը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սարյանը եւ ակադեմիայի հասարակագիտության եւ հայագիտության բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

«Ազդակ» օրաթերթն իր գործունեության համար բազմաթիվ մրցանակներ ու պատվոգրեր է ստացել, սակայն ՀՀ ԳԱԱ-ի շնորհածն առանձնահատուկ նշանակություն ունի Գանտահարյանի համար:

«Այն պարտավորեցնող է՝ տարբեր իմաստներով: Սա արժեւորում է մեր թերթի գործունեության, Հայ Դատի խնդիրները բարձրացնելու եւ լուսաբանելու, Հայաստան-Սփյուռք համագործակցությունն ավելի խորացնելու եւ իրադարձությունները ճիշտ լուսաբանելու առումներով: Իբրեւ համահայկական եւ քաղաքական մտածողություն՝ մենք անպայման պետք է հաշվի նստենք ակադեմիայի ինստիտուտների հրապարակած ուսումասիրությունների, նոր տեսակետների, ամենահրատապ ու այժմեական իրադարձությունների հետ: Այս իմաստով անփոխարինելի է ակադեմիայի դերը, եւ ամեն ինչ պետք է արվի ակադեմիայի նախագահության եւ նրա ինստիտուտների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,- ասաց Գանտահարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիանա Սարգսյան