Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման ամենամյա չորրորդ արարողությունը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 20-ին:
IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են՝ այն բաղկացած կլինի երկու մասից՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն և նշանավոր Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգ՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակի շնորհման արարողության ժամանակ մեծարվում են մերօրյա հերոսները, որոնք բացառիկ ազդեցություն են ունեցել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքը փրկելու և մարդասիրական գաղափարներն առաջ մղելու գործում: 2019թ. «Ավրորայի» հերոսներից մեկն էլ այդ երեկոյի ընթացքում կդառնա մրցանակի դափնեկիր` 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգևի միջոցով շարունակելով մարդասիրության շղթան և աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:
Այս տարի միջոցառումը կանցկացվի նոր ձևաչափով. 2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման բուն արարողությունից բացի, կլինի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգը՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Ռուս ականավոր դիրիժոր Վալերի Գերգիևը պետերբուրգյան դիրիժորական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից է, որը նաև մի քանի միջազգային հեղինակավոր փառատոնների հիմնադիր է և ղեկավար: 1980-ականների սկզբին Վալերի Գերգիևն աշխատել է Հայաստանում՝ ղեկավարելով Պետական սիմֆոնիկ նվագախումբը: 1988-ից եղել է Մարինյան թատրոնի երաժշտական ղեկավարը, 1996-ից՝ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր տնօրենը: 2015թ. աշնանը մաեստրոն ստանձնեց նաև Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը:
«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Վալերի Գերգիևին և Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մասնակցելու համար: Ուրախ եմ, որ հոկտեմբերի 20-ին Երևանում մենք հնարավորություն կունենանք ոչ միայն մեծարելու մերօրյա հերոսներին՝ բացառիկ խիզախության և նվիրվածության համար, այլև արժանին մատուցելու երաժշտական հանճարին»,- ասաց «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ամենահներից մեկն է Ռուսաստանում, որի ակունքները հասնում են 18-19-րդ դարեր, երբ ստեղծվում էր Սանկտ Պետերբուրգի կայսերական օպերայի նվագախումբը: Վալերի Գերգիևի ղեկավարությամբ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը նոր բարձունքների հասավ, նվագացանկն էապես ընդարձակվեց. օպերային և բալետային ստեղծագործություններին ավելացան սիմֆոնիկ գործեր: Բրիտանական «Գրամոֆոն» ամսագրի վարկածով՝ 2008թ. Մարինյան թատրոնի սիմֆոնիկը ճանաչվեց աշխարհի քսան լավագույն նվագախմբերից մեկը: 2016թ. մայիսի 6-ին Գերգիևի ղեկավարությամբ այն բացառիկ համերգ ունեցավ Սիրիայում՝ «Աղոթք Պալմիրայի համար. Երաժշտությունը վերակենդանացնում է հնագույն կոթողները» վերտառությամբ: Համերգը Պալմիրայի պատմական ամֆիթատրոնում էր՝ համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից մեկում, որը միջոցառումից ընդամենը մի քանի օր առաջ էր ազատագրվել «Իսլամական պետության» ահաբեկիչներից:
«Հայաստանն ինձ համար հատուկ երկիր է, և ես ի սրտե ողջունում եմ «Ավրորա» մարդասիրական մրցանակի բազմավեկտոր, հետաքրքիր ու արժեքավոր գործունեությունն ամբողջ աշխարհում: Ես ուզում եմ ողջունել ու խրախուսել բոլոր նրանց, որոնք ավելի լավ կյանք են ցանկանում իրենց երեխաների և թոռների համար, ավելի համարձակ հանդես գալ իրենց գաղափարներով: Այսօր ամենից շատ կարիք ունենք ճշմարտությունն ասող մարդկանց. նրանք են իրական հերոսները, որոնք իսկապես կարող են փոփոխություն բերել: Ես կոչ եմ անում բոլորիդ հնարավոր ցանկացած տարբերակով աջակցել և մասնակից դառնալ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ձեռքբերումներին»,- ասաց Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը:
Վալերի Գերգիևը նաև «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ է, որի կազմում են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանին, Ավստրալիայի Արտաքին գործերի նախկին նախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար Բեռնարդ Քուշները, աշխարհում հայտնի մարդու իրավունքների պաշտպան, ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելմանն ուղղված «Enough» նախագծի հիմնադիր նախագահ Ջոն Փրենդերգասթը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին:
Այս տարի մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում: Ֆորումն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում, որը կմիավորի աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական և մարդասիրական նորարական փորձն ու առաջատար դեմքերին: Մեկ շաբաթ շարունակ համաշխարհային մտքի ազդեցիկ առաջնորդները հնարավորություն կունենան քննարկել լավագույն փորձը, սերտած դասերը, որոշ դեպքերում՝ ամենատարբեր խնդիրների հաջող և հեղափոխական լուծումները՝ ենթակառուցվածքային մարտահրավերներից մինչև առողջապահական ոլորտի նորամուծություններ: «Ավրորա» ֆորումը հնարավոր է դարձել հայկական և միջազգային տարբեր կազմակերպությունների համագործակցության շնորհիվ, որոնք համակարծիք են այսօր մարդկության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերները հաղթահարելու գործում: