կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-11 16:40
Հասարակություն

2017թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտվեց. ստացվել է 558 հայտ

2017թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտվեց. ստացվել է 558 հայտ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2017թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է։

2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը` առաջադրումների փուլի ընթացքում, ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Առաջադրումներ կատարվել են 66 երկրներից, առավելագույնը՝ Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Գերմանիայից, Եգիպտոսից, Պակիստանից, Նիգերիայից, Ֆրանսիայից, Նեպալից, Քենիայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից եւ Մեծ Բրիտանիայից։ 

«Ավրորա» մրցանակը երկրորդ տարում գրանցել է առաջադրումների թվի աճ` մոտ երեք անգամ. 2015 թվականին ստացվել էր 186 հայտ՝ 6 լեզուներով, 27 երկրներից եւ ընդգրկել 113 չկրկնվող թեկնածություններ։

«Մենք շատ ուրախ ենք, որ ստացել ենք այսքան առաջադրումներ աշխարհի բոլոր կողմերից,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը,- ընդամենը երկրորդ տարին է, իսկ «Ավրորա» մրցանակի տեսլականը՝ որ մարդկությունը կարող է եւ պետք է մեծարի նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգելու գնով փրկում են ուրիշներին, նորովի է զորանում։ Միայն նման մարդկանց գոյության շնորհիվ է, որ հայությունը` նաեւ իմ ընտանիքը, վերապրել է Հայոց ցեղասպանությունը, եւ մեր երախտագիտությունը հայտնելու համար է, որ մենք ցանկանում ենք այս մրցանակը կիսել նրանց հետ, ովքեր վտանգին հանդիման՝ դրսեւորում են մարդասիրություն»։

Առաջադրված թեկնածություններն այժմ կվերստուգվեն գիտակ եւ փորձառու մասնագետների խմբի կողմից, որոնք իրենց հերթին կներկայացնեն թեկնածուների վերջնացուցակը՝ ընտրված ըստ ցուցաբերված խիզախության, նվիրումի եւ ազդեցության։ Լավագույն 20 թեկնածուների անուններն այնուհետեւ կփոխանցվեն Ընտրող հանձնաժողովին, որն այժմ նախագահում է դերասան եւ բարերար Ջորջ Քլունին եւ որի կազմում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար եւ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին։

«Առաջին տարվա տպավորիչ արձագանքից հետո այս տարվա առաջադրումների մեծ թիվն անչափ խոստումնալից է,- նշում է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը,- մենք լիահույս ենք, որ կխթանենք «Ավրորա» մրցանակի առաքելությունը եւ կշարունակենք աշխարհի համար բացահայտել 2016 թվականի դափնեկրի՝ Մարգարիտ Բարանկիցեի նման մարդասերների ոգեշնչող պատմությունները»։

«Ավրորա» անդրանիկ մրցանակը շնորհվեց Բուրունդիի «Մեզոն Շալոմ» խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեին։ Խավարի ու հուսահատության պահին անձնվիրաբար ուրիշներին օգնելու համար նա դարձավ «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ստանալով $100,000 պարգեւ եւ հնարավորություն շարունակելու բարեգործության շղթան՝ $1,000,000 մրցանակն ուղղորդելով իրեն գործի ոգեշնչած կազմակերպություններին։ Բարանկիցեն ընտրեց երեք կազմակերպություն, որոնք պայքարում են մանկական աղքատության դեմ, օգնություն տրամադրում եւ վերականգնման հնարավորություններ ստեղծում փախստական երեխաների ու որբերի համար։

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հանրությանը հայտնի կդառնան 2017թ. փետրվարին, ինչին կհաջորդի ապրիլյան միջոցառումների շարքը՝ մարդասիրության ոլորտի գործիչները քննարկումներ կծավալեն աշխարհի ամենահրատապ հիմնախնդիրների շուրջ, Երեւանում կփառաբանվեն մարդասիրությունն ու մրցանակի հավակնորդները եւ հանդիսավոր արարողությամբ կհայտարարվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը։