Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ավրորա» մարդասիրական մրցանակի եռօրյա միջոցառումների շրջանակներում կներկայացվի նաև առաջին երկու տարվա մրցանակակիրների կատարած աշխատանքը: «Կներկայացվի, թե ինչպես են կազմակերպությունները 14 երկրում իրենց ստացած գումարներն ուղղել մարդկանց կրթության, բժշկական ծառայությունների մատուցման ապահովմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Բարերարի խոսքով՝ Հայաստանում մրցանակի շնորհումը լավ առիթ է աշխարհի տարբեր ծայրերում հերոսական աշխատանք կատարող մարդկանց հանդիպման, ծանոթության և հետագա շփումների համար: Նրա խոսքով՝ սպասվում են հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից, ինչը կարևոր քայլ է Հայաստանը ճանաչելի դարձնելու ոչ միայն որպես առաջին քրիստոնյա երկիր կամ ցեղասպանություն վերապրած ազգ, այլև մարդասիրության կենտրոն:
Բացի այդ կկայանան ավանդական դարձած «Aurora Dialogues» քննարկումները, որը միջազգային հարթակ է գիտնականների և փորձագետների համար՝ ուսումնասիրելու և քննարկելու հումանիտար մարտահրավերները: Համաժողովը ձգտելու է բացահայտել խնդիրները, վերլուծել անցյալի դասերը եւ խրախուսել նորարարական գործունեությունը ներկայում՝ ապագան լավը դարձնելու նպատակով:
Նուբար Աֆեյանն էլ, ով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մյուս համահիմնադիրն է, նշեց, որ իրենք ամրացնելու են մրցանակաբաշխության՝ Հայաստանում գցած արմատները: «Մենք ցանկանում ենք ապագայում «Ավրորան» մնա որպես հայ պատմության, հիշատակի վրա հիմնված աշխարհին նվիրված ծրագիր: Որևէ մի իրադարձություն կդառնա այդ արմատային պատմության փոքր մասը: Ապրիլի 24-ը մեր պատմության մեջ մնալու է որպես հարգանքի ու հիշատակի օր և ուրախ ենք, որ ներկա վիճակը թույլ տվեց, որ դա լինի»,-ասաց Նուբար Աֆեյանը:
Այս տարի հայտնի կդառնա «Ավրորա» մարդասիրական մրցանակի երրորդ դափնեկիրը: Ապրիլի 24-ին Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը հայտարարեցին այս տարվա հերոսներին: Նրանք են իրավապաշտպան Չո Լա Աունը (Մյանմա), բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան Սունիտա Քրիշնանը (Հնդկաստան), կաթոլիկ միաբան Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն (Մեքսիկա): «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովը այս տարվա համար ստացել է 750 հայտ 115 երկրից 12 լեզվով:
«Ավրորայի» յուրաքանչյուր հերոսին առաջարկվել է այս տարվա 1 միլիոն դոլարի մրցանակին առաջադրել մինչև երեք կազմակերպություն։ Չո Լա Աունն առաջադրել է «Բժիշկներ առանց սահմանների», «Բժիշկների օգնության մալայզիական ընկերություն» և «Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով» կազմակերպությունները: Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն առաջադրել է «Օազիս Սան Խուան դե Դիոս» և «Յից Կա-ան» բնապահանական գյւողատնտեսական դպրոց» կազմակերպությունները: Սունիտա Քրիսշնանն առաջադրել է «Փրաջվալա», «Վերջ կանանց և երեխաների թրաֆիքինգի», «Սալափ Հնդկաստան» կազմակերպությունները։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա եռօրյա միջոցառումները տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը: Մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հունիսի 10-ին: